101 քայլ, որ ոչինչ չտվեց Լեւոն Արոնյանին (տեսանյութ)
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոնի հավակնորդների պայքարից: Այսօր մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ: Առաջին տեղի համար պայքարելու համար Լեւոն Արոնյանը պետք է անպայման հաղթանակ տաներ այս պարտիայում: Նա ընդհանուր առմամբ վստահ անցկացրեց սկզբնախաղը եւ որոշակի առավելություն ստացավ: Հետագայում նա նաեւ որակ շահեց, սակայն Սերգեյ Կարյակինն անցումային զինվորի օգնությամբ կարողացավ կոտրել սպիտակների հարձակման թափը: Երկարատեւ պայքարից հետո, 101-րդ քայլին, Լեւոն Արոնյանը ստիպված խաղաղ դաշն կնքեց: Մեր շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մրցաշարի առաջատարները՝ Ֆաբիանո Կարուանան եւ Սերգեյ Կարյակինը, վերջին տուրում հանդիպելու են իրար հետ, ուստի Լեւոն Արոնյանը անգամ հաղթանակի դեպքում ետ կմնա մեկնումեկից: