«Անմեղ մարդկանց սպանեցին ու ազատ ման են գալիս». Արամ Սարգսյան (տեսանյութ)
«Մարտի մեկի իրադարձությունների հրահանգ տվողի իրավահաջորդի խնդիրն էր բացահայտել ամեն ինչ, բայց քանի որ նրանք իրար հետ կապված են՝ ոչինչ չբացահայտվեց»,- այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ բացահայտման միակ եղանակը դատական պրոցեսն է, սակայն այսօրվա Հայաստանի դատական համակարգում դա կազմակերպել ու անել հնարավոր չէ: Արամ Սարգսյանը, հստակ իմանալով մարտի մեկի կազմակերպիչներին, իրեն էլ է այսօր մեղավոր զգում. «Ես իսկապես այս խնդրում ինձ մեղավոր զգում եմ, մեղավոր եմ , որ ես վայելում եմ իմ ծնողների, զավակների ներկայությունը, իսկ իրենք՝ ոչ: Ի վերջո, ես այսօր տուն եմ գնալու եւ ծաղիկներ եմ տանելու մորս՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ, իսկ իրենք՝ ոչ: Հավատացեք, ես մեղավոր չեմ զգում, որ ես ողջ եմ՝ իրենք զոհված, այդ օրվա իմ գործողություններից առանձնապես ամաչելու բան չունեմ, վերջիններից եմ եղել, որ այս հրապարակից իջել ու տուն եմ գնացել: Ես մեղավոր եմ զգում նրա համար, որ այն մարդիկ, որոնք բանսարկության համար Երեւանում սպանդ իրականացրեցին, որոնք հրամանով անմեղ մարդկանց սպանեցին՝ ման են գալիս ու դատապարտված չեն: Մեղավոր եմ զգում, որ այն տղաները, որ զոհվեցին, զոհվեցին ազատ, անկախ երկիր ունենալու, ապահովված ընտանիք ունենալու, երեխայի լավ ապագա ունենալու համար, իսկ մենք ոչ մի քայլ այդ գործում առաջ չենք գնացել»: Արամ Սարգսյանն այսօր խոսեց նաեւ իր հետագա անելիքների մասին եւ վստահեցրեց, որ մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին. «Քաղաքական կուսակցությունը չի կարող քաղաքական գործընթացի չմասնակցել, ուրիշ հարց, որ իմ գործունեությունը այս տարիներին գնահատում եմ պասիվ»: Պարոն Սարգսյանը այս տարիներին հետեւություն է արել՝ հասարակությունը փողոց է դուրս գալիս համապետական ընտրությունների ժամանակ; Ըստ նրա՝ հենց այդ կանխելու համար իշխանությունները փոխեցին սահմանադրությունը. «Բայց պետք է ասեմ, որ հուսախաբ են լինելու, 2017 թվականի ընտրությունները լինելու են ամենաակտիվը ու թող հույս չունենան, որ ժողովուրդը դրանից հետո փողոց դուրս չի գա»: Հարցին, թե ում հետ են պատրաստ նրանք համագործակցել ընտրությունների ժամանակ, նա պատասխանեց. «Այն քաղաքական ուժերի, ում հետ կունենանք գաղափարական ընդհանրություններ, ովքեր չեն մասնակցել մարտի մեկի ոճրագործությանը, եւ դրանից հետո մաս չեն կազմել իշխանությանը՝ արդարացնելով նրանց: Այսօր էլ նրանք գալիս կեղծավորի նման ծաղկեպսակներ են դնում, այդ նույն բարգավաճները, օեկները, դաշնակները, այդպես սպանդով իշխանություն պահելը ամոթ է: Այսօր վարդանօսկանյանները եւ ռոբերտքոչարյանները հայտ են ներկայացնում՝ քաղաքական դաշտ մտնելու, իշխանության գալու համար: Դա անթույլատրելի է»: