Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «դեղագործների»
Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այսօր կանցկացնի Բունդեսլիգայի 22-րդ տուրի հանդիպումը: Լեւերկուզենի «ԲայԱրենա» ստադիոնում դորտմունդցիներին կհյուրընկալի «Բայեր-04»-ը: Երկու թիմերն էլ ներկայումս առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրի առաջնությունում: «Բորուսիան» վստահորեն պահպանում է 2-րդ հորիզոնականը, իսկ «դեղագործներն» առայժմ 4-րդն են մրցաշարային աղյուսակում: Երկու թիմերն էլ հաջող են հանդես գալիս նաեւ Եվրոպայի լիգայում: 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիան» ու «Բայերը» հաղթել են պորտուգալական ակումբներին՝ համապատասխանաբար «Պորտուին» (2:0) եւ «Սպորտինգին» (1:0): «Բորուսիան» վերջին տարիներին շատ հաջող է հանդես գալիս «Բայերի» դեմ, հատկապես արտագնա խաղերում: Դորտմունդցիները վերջին անգամ Լեւերկուզենում միավոր չեն կարողացել վաստակել հեռավոր 2007 թվականի մայիսին (1:2): Ընթացիկ մրցաշրջանում կայացած թիմերի առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել Հենրիխ Մխիթարյանի թիմը (3:0): Ինչպես նշում են վիճակագիրները, մեր ֆուտբոլիստը առայսօր մասնակցել է «Բորուսիայի» սույն մրցաշրջանում խփած 96 գոլերից 40-ին (18 գոլ, 22 արդյունավետ փոխանցում): Բուքմեյքերների կարծիքով այս խաղում կգրանցվի ոչ-ոքի արդյունք, սակայն դրանք ընդհանուր առմամբ հավատում են «Բորուսիայի» հաղթանակին: Գոլ խփելու հավանական թեկնածումերի ցուցակում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր խաղընկեր Պիեր-Էրիկ Օբամեյանգին: