Գլխավոր մարզիչները հրապարակեցին վերջնական կազմերը
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչները հրապարակեցին թիմերի վերջնական կազմերը, որոնք հանդես կգան այս տարվա Եվրոպայի առաջնությանը, որը կկայանան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, մարտի 8-13-ը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն եվրոստուգատեսին մասնակցելու համար հրավիրել է 7 ըմբիշի՝ Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Դավիթ Սաֆարյանին (70 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Շամիր Աթյանին (86 կգ), Անդրանիկ Գալստյանին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ): Ինչպես նշել է փորձառու մասնագետը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջին, մինչև Լատվիա մեկնելը հավաքականը նախապատրաստական փուլ կանցկացնի Բելառուսում, որտեղ թիմի հետ կլինեն նաեւ Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը եւ Մուսա Մուրթազալիեւը, որոնք շարունակում են նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Ռիգայի առաջնությունում վստահել է հետեւյալ ըմբիշներին. Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (130 կգ): Փետրվարի 25-ին մեր ըմբիշները նույնպես կմեկնեն բելառուսական Ստայկի, որտեղ կանցկացնեն նախապատրաստական վերջին փուլը: