Մրցավարները փոխեցին «Գանձասար-Կապանի» ծրագրերը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանն» այսօր առաջին հանդիպումն անցկացրեց այս տարում՝ ստուգողական խաղում մրցելով «Փյունիկի» հետ (0:3): «Կապանում հավաք անցկացնելու ժամանակ երկու ստուգողական հանդիպում էինք նախատեսել, սակայն եղանակային պայմանների պատճառով դրանք չկարողացանք անցկացնել», - հանդիպումից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Փորձառու մասնագետը, սակայն, ընդհանուր առմամբ գոհ է թիմի նախապատրաստական փուլից: «Առաջիկայում «Գանձասար-Կապանը» մարզվելու է Երեւանում, իսկ փետրվարի 10-ին ընկերական խաղում մրցելու է «Արարատի» հետ: Այժմ աշխատում ենք շատ խաղեր անցկացնել, որպեսզի բարելավենք տարբեր օղակների համագործակցությունը, ավելացնենք ֆուտբոլիստների խաղային փորձը»: Ինչպես պարզվեց, «Գանձասար-Կապանն» այս ձմռանը կանցկացնի արտասահմանյան մեկ ուսումնամարզական հավաք, չնայած ակումբի ղեկավարությունը նախապես նշել էր, որ թիմը պատրաստվելու է հանրապետությունում: «Հայաստանի առաջնության խաղերը սպասարկող մրցավարները փետրվարի 14-ին մեկնելու են Կրասնոդար՝ ուսհավաք անցկացնելու համար: Մենք որոշեցինք նրանց հետ մեկնել նույն մարզաբազա, որտեղ ռուսական շատ թիմեր այժմ հավաքներ են անցկացնում: Այնտեղ նախատեսել ենք երեք ընկերական հանդիպում: Փետրվարի 24-ին կվերադառնանք Հայաստան եւ կսկսենք պատրաստվել առաջնության խաղին» - պարզաբանեց Աշոտ Բարսեղյանը: Հավելենք, որ «Գանձասար-Կապանը» 15 տուրից հետո վաստակել է 22 միավոր եւ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը, ինչը Եվրոպայի լիգայի գոտուց դուրս է գտնվում: Սակայն թիմը շարունակում է պայքարը Հայաստանի գավաթի համար, եւ այն տիրելու դեպքում կապանյան ակումբը իրավունք կստանա մասնակցելու եվրոպական մրցաշարին: