Գասպարի. «Ոչ միայն ինձ, այլ նաեւ պաշտպաններիս պետք է բերման ենթարկեն»
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հունվարի 21-ին կրկին բերման կենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նախորդ դատական նիստին՝դեկտեմբերի 23-ին, Գասպարին կրկին չի ներկայացել: Փոխարենը դատարան է ներկայացել հանրային պաշտպանը: Քաղաքացիական ակտիվիստին դեկտեմբերի 11-ին կրկին բերման էին ենթարկել դատարան, սակայն նա պառկել էր դատարանի դահլիճում եւ չէր արձագանքել դատավոր Նելլի Բաղդասարյանի խոսքին: Ուստի դատավորը որոշել է ներգրավվել հանրային պաշտպան: «Որեւէ մեկը բացի իմ ընտրած պաշտպաններից, առավել եւս հանրային պաշտպանը իրավասու չէ ներկայացնել իմ շահերը»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Նա համոզված է, որ իրեն բերման կենթարկեն, այնուհետեւ դատական նիստերից կհեռացնեն, ինչպես Հայկ Կյուրեղյանի պարագայում էր եւ դատը կշարունակեն: «Սա նշանակում է, որ ուզում են սկսած գործը ավարտին հասցնել, ներկա դրությամբ իրենց մոտ փակուղի է: Ցանկանում են այդպես դատեն, որ մի քիչ ձեւական կողմը պահպանեն»,- նշում է Վարդգես Գասպարին: Նա հիշեցնում է, որ չի հրաժարվում իր պաշտպաններից՝ Լուսինե Հակոբյանից եւ Դավիթ Գյուրջյանից, սակայն նրանք լիազորված չեն առանց իր ներկայության մասնակցել դատական նիստերին. «Այս պարագայում ոչ միայն ինձ, այլ նաեւ պաշտպաններիս պետք է բերման ենթարկեն»: Վարդգես Գասպարին ավելացնում է, որ Եվրոպական դատարանում շատ կարեւոր է համարվում ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը: Իսկ այսօր Հանրային պաշտպանի գրասենյակը, նրա խոսքերով, արհամարհում է դա, նույնիսկ այն դեպքում, երբ պաշտպանյալը ուղիղ հայտարարություն է անում, որ չի լիազորում ներկայացնել իր շահերը: Վարդգես Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: