Լեւոն Արոնյանը չմտավ առաջին եռյակ
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթը շախմատի Լոնդոնի գերմրցաշարում, որին մասնակցեցին աշխարհի 10 առաջատար գրոսմայստերները: Երեկ կայացած վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կվաստակեր 5,5 միավոր եւ միանշանակ կդառնար մրցանակակիր: Սակայն սեւերով հանդես եկող ֆրանսիացի գրոսմայստերը հենց սկզբից ընտրեց խաղաքարերը փոխանակելու մարտավարություն եւ արդեն 33-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ իր հետ համաքայլ ընթացող Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ եւ հավասարվեց երկու առաջատարներին՝ հոլանդացի Անիշ Գիրիին եւ նույն Վաշյե-Լագրավին: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց աշխարհի չեմպիոնը, որը թայ բրեյքում պարտության մատնեց ֆրանսիացի գրոսմայստերին: Անիշ Գիրին զբաղեցրեց 3-րդ տեղը: Լեւոն Արոնյանը չնայած չմտավ առաջին եռյակից, սակայն իրավունք ստացավ մասնակցելու հաջորդ տարվա նույն գերմրցաշարին: