Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղեկավարությունը կողոպտում, թալանում է ազգին». Ներքին բազմաբերդցի (տեսանյութ)

Հասարակություն
papikner-nkar

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի 82-ամյա բնակիչ Աշոտ Պողոսյանը դեմ է Սահմանադրությունը փոխելուն։ «Եթե Սահմանադրությունը կյանքում չի իրագործվում, աշխարհի ամենալավ Սահմանադրությունն էլ ոչինչ չարժի, ի՞նչ էր եղել մեր Սահմանադրությանը»: Ինչպե՞ս կարող եմ կողմ լինել մի փաստաթղթի, որն առաջարկող իշխանության կառավարման ժամանակ գյուղը շարունակում է դատարկվել՝ դժգոհում է նա: 1000-ից ավելի բնակիչ ունեցող Ներքին Բազմաբերդում երիտասարդների հաճախ չես հանդիպի: Աշոտ պապը նշում է. «Բացարձակ աշխատանք չկա, մարդիկ էս քարաստանում իրենց դառը քրտինքով օրվա հաց են վաստակում կիսով չափ, էն մյուս կեսը գալիս ա արտերկրից»։ 77-ամյա Գառնիկ Հայրապետյանն էլ չի հիշում, թե երբ է վերջին անգամ որևէ պաշտոնյա գյուղ եկել, հետքրքրվել՝ ոնց են իրենք գոյատևում: Գառնիկ պապը բանաստեղծությամբ է արտահայտում իր վերաբերմունքը: Էլ ինչով, ասա, ինչով է նա մարդ, Թե չապրի բախտով իր ժողովրդի, Նրա հետ նրանով հպարտ, Լույս չտա նրան հրով իր սրտի: Արժանավայել ապրելու խնդիր ունի նաև Գառնիկ պապի ընտանիքը, որն ապրում է տղայի ստացած 80 000 դրամ աշխատավարձով ու իր թոշակով: «Շատ դժվար է ապրել, որովհետև ոռոգման ջուր չկա գյուղին, շատ վատ պայմաններ են, մեր հողերը դարձել են անջրդի, 700 հեկտար հող հիմա չի մշակվում, դրանից մշակվում է միայն 50-60 հեկտար»,- ասում է Գառնիկ պապը: Սրան էլ կարելի է դիմանալ, ասում են գյուղացիները: Նրանց առավել մտահոգում է երկրում տիրող անարդարության մթնոլորտը, երբ ոչինչ չանող պաշտոնյաներն ապրում են լավ կյանքով, իսկ հայրենիքի համար կռված տղաները հայտնվում են բանտերում:Աշոտ պապը նշում է. «Ով է ասել, որ դուք ազատամարտիկին բռնեք վանդակի մեջ մտցնեք՝ հայրենասիրություն ե՞ք դրանով քարոզում: Ի՞նչ էր արել Վոլոդյա Ավետիսյանը, որ եկավ նստացույցի, իր միակ պահանջն այն էր, որպեսզի 80000-ի փոխարեն հաշմանդամ ազատամարտիկի թոշակները մի քիչ բարձրացնեն»: Գյուղացիներն առկա խնդիրների լուծումը տեսնում են այն պարագայում, երբ երկրի ղեկավարությունը կձևավորվի ժողովրդի կամքով: