Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փառատոն, որի գաղափարը ծնվել է ժամանակի թելադրանքով. Սվետլանա Նավասարդյան (տեսանյութ)

Մշակույթ
paraton-nkar

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհի տարբեր ծայրերից եկած երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Հնչելու են Բախի դաշնամուրային կոնցերտը, Շնիտկեի «Կոնչերտո գրոսսո»-ն, Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիան՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» կոնցերտը: Մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով դաշնամուր է նվագելու, Սվետլանա Նավասարդյանը՝ դարձյալ դաշնամուր, Մեծ Բրիտանիայից ժամանած ջութակահար Անի Բատիկյանը և այլք: «Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կլինեն պրեմիերաներ ոչ միայն մասնակիցների առումով, այլև՝ ստեղծագործությունների: Կլինեն երաժիշտներ այլ երկրներից, և սա ևս մեկ առիթ է՝ ներկայացնելու օտար ազգին մեր մշակույթը,-նշեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: «Սա վաղուց նշանակալի երևույթ է մեր երաժշտական կյանքում: Փառատոնի գաղափարը ծնվել է ժամանակի թելադրանքով: Մեր երաժիշտներից շատերը հեռացել են, և այս փառատոնը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան»,-ասաց դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Իսկ մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշեց. «Մեծ առաքելություն ունի փառատոնը. միայն գեղագիտական վայելքի հնարավորություն չէ: Սա հեռահար երաժշտական քաղաքականություն է. Մեր տաղանդավոր երաժիշտներին դեպի Հայաստան գալուն ուղղված կոչ է»: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հայրենիք վերադարձած երաժիշտների թվում է: Չի ափսոսում, որ ժամանակին մեկնել է, կատարելագործվել ու հասել հաջողությունների: Հիմա էլ համերգներով հաճախ լինում է տարբեր երկրներում: «Եթե ես մնայի այստեղ, կարող է այսօր տաքսի քշեի... Շատերը կցանկանան վերադառնալ, բայց Հայաստանում դեռևս պայմաններն այնպիսին չեն, որ երաժիշտները կարողանան մնալ ու այստեղ ստեղծագործել»: