Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույն բնակարանը վաճառվել կամ խոստացվել է տարբեր մարդկանց (տեսանյութ)

Հասարակություն
Norashen

2008 թվականին Բաբաջանյան 25/1, Գևորգ Չաուշ 17 և 37 հասցեների բնակիչները պայմանագրեր էին կնքել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ, այն հույսով, որ իրենց համար նոր շենք կկառուցվի։ Քաղաքացիներից ոմանք մասնակի, ոմանք էլ ամբողջությամբ վճարել էին գումարները։ Գևորգ Չաուշ 17-ում շենքն ամբողջությամբ կառուցվել է, 37-ում՝ մասնակի, իսկ Բաբաջանյան փողոցում միայն հիմքն է դրված։ Պայմանագրերի կնքումից որոշ ժամանակ անց բնակիչները պարզել են, որ նույն բնակարանը վաճառվել կամ խոստացվել է տարբեր մարդկանց: Մինչդեռ, իրենք արդեն վաճառել կամ փոխանակել են հին բնակարանները։ Տարիներ շարունակ բնակիչները գումարներ են ներդրել՝ մի օր բնակարան ձեռք բերելու ակնկալիքով։ «Բաբաջանյան փողոցից 18 բնակիչ է խաբված։ Մեր վճարած գումարներն, ընդհանուր առմամբ, 155 մլն դրամ են կազմում»,-ասաց Բաբաջանյան փողոցի նախկին բնակիչ Ռուզաննա Վարդանյանը։ Խաբված բնակիչները դիմել էին դատարան։ Վճիռը կայացվել է հօգուտ իրենց և «Նորաշեն 2007»-ի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանն այժմ ձերբակալված են։ Իսկ կոոպերատիվը սնանկ է ճանաչվել։ «Դրանից մեզ ի՞նչ օգուտ, որ հիմա առանց տան ենք մնացել, բնակվում ենք վարձով»,-նշեց տիկին Վարդանյանը։ Տարածքը, որտեղ պետք է կառուցվեր շենքը, 2011 թվականին վաճառվել է «Էսկո կոնցեռն» ընկերությանը։ Վերջինս պատրաստ է տուժած բնակիչների համար կառուցել բնակարաններ, սակայն գումարի կարիք ունի։ Այժմ բնակիչները դիմում են կառավարությանը։ ««Էսկո կոնցեռն»-ին այժմ բանկերը վարկ չեն տրամադրում։ Մենք ուզում ենք, որպեսզի կառավարությունն աջակցի, որպեսզի գրավի դիմաց կոնցեռնին վարկ տրվի, և մեր բնակարանները վերջապես կառուցվեն։ Ուրիշ տարբերակ էլ չունենք»,-նշեց Բաբաջանյան փողոցի նախկին բնակիչը։ Խաբված բնակիչների գործով զբաղվող փաստաբան Ռուբեն Սարգսյանը հաստատեց, որ քաղաքացիների և ներկայիս սեփականատիրոջ միջև կոնֆլիկտ չկա։ «Այդ ընկերությանը պարզապես անհրաժեշտ է գումար, որպեսզի շենքը կառուցի։ Բայց հիմա ձեռներեցներին դժվարությամբ են գումար տրամադրում՝ շինարարության նպատակով»։