Մայրաքաղաքի 2797 ընտանիք նվեր կստանա
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ մայրաքաղաքի 2797 ընտանիք Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, պլանշետներ, արդուկներ և թեյնիկներ։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը: Նվերներով բեռնված ու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ: Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով հոկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ անցկացվող սոցիալական այս ծրագրի շրջանակում երևանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը կդառնա նաև հիշարժան: Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք: Երեւանի քաղաքապետարան