Երկրորդ ժանգոտ կողպեքը՝ Արմավիրի քաղաքապետարանին (տեսանյութ)
Այսօր կայացավ «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 2003 թվականից ի վեր։
Բաց և թափանցիկ աշխատանքի համար ոսկե բանալիի արժանացան մի շարք գերատեսչություններ և անհատներ. Կոտայքի մարզպետարանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Կառավարության աշխատակազմը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարության կայք-էջը, «Արնի Քընսալթ» գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն։ Երկու մրցանակ էլ տրվեց լրատվամիջոցներին. «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժնին և «Ազատություն» ռադիոկայանին։
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը՝ ժանգոտ կողպեքը, փակ աշխատանքի համար բաժին հասավ Արմավիրի քաղաքապետարանին։ Այն կուղարկվի քաղաքապետարան՝ որպես այս տարվա ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին։
Նշենք, որ տեղի ՀԿ-ներից մեկը դիմել էր այս կառույցին՝ պարզելու բյուջեի չափն ու ստանալու կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Ի պատասխան քաղաքապետարանից նշել էին, թե հաշվետվությունը բաղկացած է 53 էջից և այն ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր էջի համար վճարել 50 դրամ գումար։ Ի դեպ՝ Արմավիրի քաղաքապետարանը ժանգոտ կողպեքի է արժանանում երկրորդ անգամ, նախորդը 2007-ին է ստացել։
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշեց, որ պետական մարմինների թափանցիկությունը կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիքներից մեկն է։ «Վերջին տարիներին եվրոպական մի քանի երկրում կոռուպցիոն սկանդալների արդյունքում պաշտոնյաներ են պաշտոնանկ արվել։ Նշեմ, որ մենք 15 մլն եվրո ենք ծախսել՝ օգնելու համար Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում»։
Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը և այլ հյուրեր։