Ոստիկանությունում կեղծ տվյալներով արձանագրություն են կազմել
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Լարվենտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները 2015 թվականի հունիսի 21-ին անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացի Թ. Ա.-ին, սակայն այդ մասին արձանագրություն չեն կազմել: Ոստիկանության աշխատակիցները Թ. Ա.-ին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմել են հետագայում՝ դրանում մտցնելով կեղծ տվյալներ ինչպես խուզարկության կատարման վայրի, այնպես էլ՝ ժամանակի և մյուս օբյեկտիվ հանգամանքների մասին: Լարվենտ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն