Զբոսաշրջային էքսպո. կներկայացվեն ՀՀ 10 մարզերն ու Արցախը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15.00, Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է զբոսաշրջային էքսպո։ Տարբեր տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերն ու Արցախը։ Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր ծրագրերով։ Կներկայացվեն ազգային երգն ու պարը, մարզերի բերքն ու բարիքը, տարբեր տարածաշրջանների խոհանոցը, տարազները։ Էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց կթխեն, բրուտագործները հենց տեղում կթրծեն կավե իրեր, իրենց արհեստը կցուցադրեն գորգագործները, քանդակագործները, կներկայացվի սուջուխ թաթախելու հին աշտարակյան արարողությունը, կլինեն հետաքրքիր այլ ցուցադրություններ։ Տուրիստական էքսպոն նպատակ ունի ցուցադրել հանրապետության զբոսաշրջային գրավչությունը, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ: