Գյուղացին ամաչում է հետաքրքրվել իր համայնքի բյուջեով. թափանցիկ կառավարման համակարգ է ներդրվում
Նույնիսկ այն գյուղերում, որտեղ չգիտեն՝ ինչ է ինտերնետը, շատ դժվարությամբ, բայց ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը: Ծրագրի զարգացումն այսօր ներկայացրեց տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը՝ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում: Համակարգը ներդրվել է 586 համայնքներում: infosys.am կայքում կարելի է գտնել բոլոր այն համայնքները, որտեղ ներդրվել է համակարգը: Ծրագիրը միտված է համայնքներում բաց ու թափանցիկ աշխատանք ապահովելուն: Քաղաքացին կարող է տեսնել փաստաթղթաշրջանառության պատմությունը: Համայնքային կայքում, օրինակ, կարող է երեւալ, թե որքան հող կա պարապուրդի մատնված, որ կարելի է վարձակալել: Ծածկագրի միջոցով ամեն քաղաքացի կարող է հետեւել իր տույժերին, տուգանքներին ու պարտավորություններին: «Գյուղեր կան, որոնք որեւէ մեկը չունեն, որ համակարգիչն աշխատեցնի: Համակարգիչը պահում են գյուղապետարան-տնակի սեյֆում, իսկ շաբաթ-կիրակի օրերին հոսանքի փոխարեն սերվերից են անջատում, եւ կայքը դառնում է անհասանելի, մեկ այլ տեղ համակարգիչն օգտագործվում է այլն նպատակով»,- նշում է Գրիշա Խաչատրյանը: Այսուամենայնիվ, հեղափոխական ծրագիրը ներդրվում է մարզերում եւ հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին բնակիչների շրջանում: Ծրագրի շրջանակում համայնքներում նաեւ ձեւավորվել է քաղաքացիների ընդունելության նոր սկզբունք՝ առանձնացված բաժիններ են ստեղծվել, որ աշխատում են մարդասիրական պայմաններում: Որպես լավ օրինակ Գրիշա Խաչատրյանը նշում է Դիլիջանի կայքի՝ dilijancity.am-ի աշխատանքը, այստեղ կարելի է նույնիսկ այս պահին համայնքի բյուջեի մնացորդը տեսնել: Լավ են աշխատում Աբովյանի, Եվարդի, Հրազդանի, Չարենցավանի կայքերը: Ըստ մասնագետի՝ նաեւ հանրային վերահսկողությունը կարող է կատարելագործել համակարգը, այդ թվում՝ լրագրողների մասնացությունը: «ՀաՄաՏեղ» ծրագիրը նաեւ ներկայացվում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ՝ ամեն երեքշաբթի՝ «Մամուլի ակումբ- ՀաՄաՏեղ» հաղորդաշարով: Առաջիկայում նախատեսվում է նաեւ հաղորդումներ կազմակերպել մարզերում: ԵՄԱ հեռուստահաղորդումների խմբագիր Հերիքնազ Հարությունյանը շեշտում է՝ նպատակ ունեն ՏԻՄ ոլորտի բարեփոխումներին մասնակից դարձնել հանրությանը: Հերիքնազ Հարությունյանը նշում է, որ ծրագրի իրականացումն այնքանով է դժվար, որ գյուղացին դեռեւս չի պատկերացնում, որ պետք է մասնակցություն ունենա համայնքի կյանքին, հետաքրքրվի դրանով, «գյուղացին նույնիսկ անհարմար է զգում, կոռեկտ չի համարում հետաքրքրվել համայնքի բյուջեով, չգիտի իր իրավունքներն ու պարտականությունները»: