Եվրոպական գնացքում չեն մոռանում Հայաստանի պատմությունը. ՔԴԵԴ-11
Երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը, եվրոպական շատ ցեղեր դեռ ապրում էին անտառներում։ Հպարտ եղեք Ձեր պատմությամբ,- ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այս մասին ասում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 11-րդ ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը։ Սա պարոն Սվիտալսկու առաջին հանդիպումը չէ ՔԴԵԴ-ականների հետ։ Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերին Պյոտր Սվիտալսկին ներկայացնում էր զեկույց՝ «Եվրոպան և նոր բաժանումների սպառնալիքը» խորագրով։ Սակայն այն ժամանակ նա ներկայացնում էր այլ կառույց՝ Եվրոպայի խորհուրդը, որպես Քաղաքական պլանավորման տնօրեն։ «Հայաստանն ինձ համար հաճելի տեղերից է, ուստի առանց վարանելու դիմեցի այս պաշտոնի համար»,- ասում է մեր երկրում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը։ Նա նաեւ հիշեցնում է՝ Եվրոպան ավելի մեծ է, քան իր ներկայացրած կառույցը՝ Եվրամիությունը, եւ Հայաստանն այդ մեծ Եվրոպայի մի մասն է։ Հպարտանալու կոչ անելով՝ պարոն դեսպանը կարծես պատասխանում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի ափսոսանքի խոսքին, որ Հայաստանը չի մասնակցել «Եվրոպա» գաղափարի կերտմանը, ձեւավորմանը։ «Մենք Եվրոպան ուսումնասիրելու կարիք ունենք»,- ասում է Արմեն Զաքարյանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպան` իր այսօրվա արժեհամակարգով, ձևավորվել է երկար տարիների ընթացքում: Իրական Եվրոպան հասկանալու մի հարթակ հենց ՔԴԵԴ-ն է, որը 2005թ սկսած համախմբվում է երիտասարդ ինտելեկտուալների։ «Այն դարձել է մի ասպարեզ, որտեղ կարելի է բաց, խորքային քննարկումներ իրականացնել»,-ասում է նա։ ՔԴԵԴ-ի այս ուսումնական տարվա առաջին հանդիպման հյուրերից մեկը ՝ Մայքլ Ռեմերն է , որը մոտ 3000 կմ է կտրել՝ Եվրոպայի խորհրդի ուղերձը ներկայացնելու համար։ ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրենի տեղակալը բառերը չի ափսոսում ՝ գնահատելու ՔԴԵԴ-Ի դերը 21 դպրոցից բաղկացած համակարգի զարգացման գործում։ Ի դեպ, ՔԴԵԴ-ում ավանդույթ է. նորեկներին ողջունում են հայտնի շրջանավարտները, իսկ նրանց թիվը քիչ չէ։ 10-րդ տարվա շրջանավարտներին ճանապարհելու եւ 11-րդցիներին ընդունելու արարողությանը սեփական փորձից ուղերձ ուներ լրագրող Արտյոմ Երկանյանը։ Նա հասկացել է՝ ընդունվել ՔԴԵԴ՝ համարժեք է գնացքի տոմս ձեռքբերելուն, բայց որ կայարանում իջնել՝ արդեն քո ընտրությունն է։ ՔԴԵԴ-ի 10-ամյա պատմությունը ցույց է տվել, որ այդ ուղեւորությունը կարող է շատ երկար ու հետաքրքիր լինել։