Իսպանական ֆուտբոլը կարող է հայտնվել ճգնաժամում «Ֆոլկսվագեն»-ի պատճառով
Գերմանական «Ֆոլկսվագեն» ընկերության շուրջ ծագած սկանդալը կարող է լուրջ հարված հասցնել իսպանական ֆուտբոլին: Եվրոպայի ամենախոշոր ավտոմոբիլային ընկերությունը վերջերս հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը մեղադրանք է ներկայացրել «Ֆոլկսվագենին»` շարժիչներում անորակ սարքեր օգտագործելու համար, ինչի պատճառով ավելացել է ավտոմեքենաներից դուրս եկող թունավոր գազերի չափը: ԱՄՆ-ի կառավարությունը գերմանական ընկերությանը պարտադրել է վերադարձնել 2009-2015թթ երկիր ներկրած 482 հազար ավտոմեքենաները, բացի այդ սպառնացել է 18 մլրդ դոլար տուգանքով: Եթե «Ֆոլկսվագենը» հայտնվի ֆինանսական ճգնաժամում, ապա այն ուղղակիորեն կազդի իսպանական ֆուտբոլի վրա: Բանն այն է, որ գերմանական ընկերությունը համարվում է «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հովանավորը, իսկ «Աթլետիկոյին», «Աթլետիկին», «Վալենսիային», «Ռեալ Սոսիեդադին», «Լեւանտեին» եւ «Լաս Պալմասին» ապահովում է տրանսպորտային միջոցներով: Հավելենք, որ «Ֆոլկսվագենին» է պատկանում գերմանակա «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբը: