Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ ԱԺ նախագահը չէ պետության գլուխը». Կիմ Բալայան (տեսանյութ)

Քաղաքականություն
balayan

1995-ի Սահմանադրությունը հակաօրինական էր, որովհետեւ հակասում էր Հայաստանի Հանրապետության հռչակագրին,-այսօր հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը։ Ըստ նրա, Հռչակագրով Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր. «Եթե վերցնենք ՀՀ Հռչակագրի 3-րդ հոդվածը, այնտեղ հստակ ասվում է, որ Հայաստանի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը պատկանում է ՀՀ Գերագույն Խորհրդին»։ Խորհրդարանական հանրապետության էլեմենտ էր նաեւ հռչակագրի 5-րդ հոդվածը, այնտեղ իր անվտանգությունն ապահովելու համար Հայաստանն ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա զինված ուժեր. «Խոսքը չի վերաբերվում՝ այն ժամանակ Գերագույն Խորհուրդ էր, հիմա ԱԺ։ Խորհրդարանը մնում է խորհրդարան»։ Մինչդեռ 1995-ի Սահմանադրությունը նախագահական կառավարման մասին էր։ Այդ ժամանակ Կիմ Բալայանը Գերագույն Խորհրդի իրավաբանական հանձնաժողովի նախագահն էր. «Այն ժամանակ էլ ես հայտարարեցի, որ նախագահի պոստը հիմնադրելու խնդիրը կլիներ օրինական, եթե հռչակագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարվի»։ Փոփոխություն չարվեց։ Անօրինական էին նաեւ 2005-ի սահմանադրության փոփոխությունները։ Բայց Կիմ Բալայանը պաշտպանում էր երկու Սահմանադրություններն էլ որպես Սահմանադրական դատարանի անդամ. «Որովհետեւ, այնուամենայնիվ, փաստը նա է, որ կար Սահմանադրություն»։ Այսքանն ասելուց հետո Կիմ Բալայանը լրագրողներին խնդրում է քաղաքական հարցեր չտալ։ Խորհրդարանական կառավարման անցնելով, ըստ նրա, վերականգնվում է հռչակագրի իրացումը, սակայն ինչպե՞ս է, որ պետության գլուխը մնում է նախագահը. «Ինչի ԱԺ նախագահը չէ իշխանության գլուխը, այլ նախագահն է։ Եթե ԱԺ նախագահը լիներ, զինված ուժերի գլխավոր հրամանատարը նույնպես պետք է նա լիներ»։ Այս նախագծի ամենակարեւոր դրույթը Բալայանը համարում է այն, որ օրենքներն ընդունվում են հանրաքվեների միջոցով, քանի որ այդպես ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեների միջոցով. «Յուրաքանչյուր հայ մարդու համար, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության համար պետք է սկզբունք լինի իր ուժերի ներածին չափով նպաստել ժողովրդավարական Սահմանադրության ընդունմանը»։