Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրության իմաստը քաղաքական նպատակներն արդյունավետ շարադրելն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
XosrovHarutyunyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փորձել է արդարև օգտագործել Սահմանադրությունը փոփոխելու հնարավորությունը. «Նա անդրադարձավ ոչ միայն կառավարման համակարգի փոփոխության խնդրին։ Բարեփոխումների հանձնաժողովն ավելի հետամուտ է լինում բարեփոխել իրավունքի գերակայության ինստիտուտը մեր իրականությունում»։ Հարցին՝ որքանո՞վ է իրական, որ նոր Սահմանադրության նախագծում արտացոլված դրույթները գործողության մեջ կմտնեն մեր իրականությունում, պատգամավորը պատասխանում է. «Սահմանադրությունը թուղթ է։ Կարող են կամք, համակարգ և այլն՝ չգործեն, բայց Սահմանադրության իմաստը իրավական, քաղաքական նպատակներն արդյունավետ շարադրելն է։ Ես ասում եմ՝ Սահմանադրության այս նախագիծը այս հնարավորությունը օգտագործել է։ Ինչքանո՞վ մենք կօգտագործենք նախագծում ընդգրկված նորմերը, դա հարցի մյուս կողմն է, բայց եթե մենք չընդգրկեինք դրանք նախագծում, մենք դրանք ընդհանրապես իրագործելու հնարավորություն չէինք ունենա»։ Խոսրով Հարությունյանը գործող Սահմանադրության համեմատ շատ կարևոր ուղղում է համարում ձևակերպումը, թե իշխանությունը պատասխանատվություն է. «Մեզ մոտ արմատացած է այն տեսակետը, որ իշխանությունը իրավունք է, բայց այստեղ հստակ նշված է, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է ժողովրդի առաջ»։ ՀՀԿ-ական պատգամավորը մեկ այլ դրական կողմ էլ է առանձնացնում. «Հստակորեն սահմանված է նաև իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Սա առկա է նաև գործող Սահմանադրությունում, սակայն գործիքակազմը սահմանադրորեն ամրագրված չէր։ Եթե այս ամենին ավելացնենք նաև կառավարման համակարգի փոփոխության հնարավորությունը, ապա իմ կարծիքով՝ Սահմանադրությունը դառնում է ավելի լիարժեք՝ բարեփոխումների կոնտեքստում»։ Նրա համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների պահանջը կար և այդ պահանջն արտահայտողները ընդդիմադիր քաղաքական ուժերն էին. «Սա մենք գիտենք և դա փաստ է։ Ընդ որում՝ ընդդիմադիրների կողմից այդ պահանջի առաջ քաշման արգումենտները հիմք են ընդունվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից՝ Սահմանադրությունը բարեփոխելու համար»։