«Նաիրիտցիներին շանտաժի են ենթարկում»
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին շանտաժի են ենթարկում. Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը. «Հիմա աշխատակիցներին առաջարկվում է ինչ-որ պայմանագիր կնքել, որ գումարը ստանալուց հետո չեն դիմելու դատարան՝ աշխատավարձերի ուշացման տույժ եւ տուգանքների համար»։ Նա անձամբ չէր պատրաստվում դիմել դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե յուրաքանչյուր նաիրիտցի դիմի դատարան, 15 մլն դրամի պարտքը կկրկնապատկվի՝ դառնալով 30 մլն։ Բայց չի հասկանում նաեւ պայմանագիր կնքելու իմաստը։ «Անօրինական քայլ է, մարդիկ ասում են, մենք անօրինական քայլը անում ենք, համաձայն չեք, գնացեք դատարան։ Հերթական անգամ ուղղակի նվաստացնելով են գումարը տալիս»,- նշում է «Նաիրիտ»-ի նախկին մամուլի քարտուղարը։ Անուշ Հարությունյանը նաեւ ավելացնում է, որ նաիրիտցիներն արդեն չեն էլ հավատում, որ ստորագրելուց հետո գումարը 3 օրվա ընթացքում կստանան։ Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ մինչեւ հուլիսի 15-ը պետք է մարվի նաիրիտցիների ողջ պարտքը: Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներն այս տարվա փետրվարի 6-ից առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից: Գործարանը նաիրիտցիներին 18-ից մինչեւ 24 ամսվա աշխատավարձ է պարտք: