«Քննության ընթացքում երեխաները նույնիսկ զուգարան դուրս չեն եկել» (տեսանյութ)
Այսօր «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնում շուրջ 7000 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է մոտ 400-500-ով։ «Ա1+»-ը եղավ Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ քննություն է հանձնում 239 դիմորդ։ Այս քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմորդներից ու իրենց ծնողներից իրենք բողոքներ չեն ստացել։ «Դուք ինքներդ կարող եք զրուցել ծնողների հետ բողոքների վերաբերյալ տեսակետներ իմանալու համար։ Ինձ որևէ մեկը չի դիմել, չենք ստացել բողոքներ կազմակերպչական կամ այլ հարցերի հետ կապված»,- նշեց Փալիկյանը։ Ըստ նրա՝ թեսթերի բովանդակության հետ կապված ևս քննություն հանձնող երեխաներն իրենց չեն դիմել. «Նման բողոքներ ևս չենք ստացել։ Ուրախ-զվարթ գրում են երեխաները, քննության սկզբից 1 ժամ անց արդեն դուրս եկավ հինգ երեխա։ Երեխաները իրենց կազմակերպիչներին են հանձնել բջջային հեռախոսները, ծածկաթերթիկներից օգտվելու դեպքեր ևս չենք գրանցել, քննության ընթացքում երեխաները նույնիսկ զուգարան դուրս չեն եկել»,- ասաց Գյուլնարա Փալիկյանը։ «Ա1+»-ը զրուցեց նաև քննությունն ավարտած երեխաների հետ. «Քննությունը նորմալ անցավ, ոչ շատ հեշտ էր, ոչ շատ դժվար, սկզբում վախենում էի, հուզվում էի, բայց հասկացա, որ ավելի լավա ինձ հավաքեմ ու տենց ավելի լավ կլինի, ավելի վստահ»,- ասաց Հովհաննիսյան Սյուզաննան։ Նա վստահեցրեց, որ թեսթերում սխալներ չի հայտնաբերել, չնայած որ շտեմարաններում դրանք շատ էին։ Քննություն հանձնող երեխաներից Մարիաննա Ամիրջանյանն էլ ասաց, որ կոռուպցիոն ռիսկերի մասին չի լսել. «Անկեղծ ասած, չեմ լսել նման բան, որ բերել են փող տվել, որ ընդունվեն, բայց մի բան հաստատ գիտեմ, որ սովորող երեխան կընդունվի»,- նշեց նա։