Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքերի վերելակները ժամկետանց են, պահեստամասերի ու մասնագետների խնդիր կա (տեսանյութ)

Հասարակություն
e8dd546fb1f7a9d6425f69464d7827b0

Սեփական տներում տեղադրված վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ ու ՏԿԱԻՆ-ը իրավունք չունի ստուգել դրանք ու եզրակացություն տալ՝ պիտանի՞ են շահագործման, թե ոչ։ Հիշեցնենք, որ երեկ Երեւանում 5-ամյա տղան, իրենց սեփական տանը, վերելակի երկրորդ եւ երրորդ հարկի մեջտեղում մնալով՝ ստացել էր բազմաթիվ վնասվածքներ ու մահացել։ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների , վերելակների եւ ճոպանուղինների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր հայտնեց, որ այդ տան վերելակի անվտանգությունը պետք է ապահովեր վերելակը շահագործող ընկերությունը. «Պարզ է դարձել, որ այդ վերելակը տեղադրված է եղել առանց դռների։ Սա անվտանգության կանոնների կոպիտ խախտում է։ Հարուցվել է քրեական գործ ու պետք է դեռ պարզել, թե որ ընկերությունն է այդ վերելակը տեղադրել, արդյո՞ք այն նախատեսված էր մարդկանց տեղափոխելու համար, թե՞ բեռնատար էր»։ Լուսինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ այս հարցերի պատասխանները նախարարությունը չունի։ Իսկ վերելակներին սպասարկող ընկերություններին լիցենզիա, նրա պնդմամբ, տրամադրում է Քաղաքաշինության նախարարությունը։ ՏԿԱԻՆ-ը ստուգում է դրանք միայն տեղադրելուց հետո, այն էլ՝ միայն բազմաբնակարան եւ պետական կառույցների շենքերում։ Խոսելով քաղաքի վերելակների անվտանգության մասին՝ նա հայտնեց, որ բազմաբնակարան շենքերում դրանք պարբերաբար ստուգվում են. «Այս տարի 49 վերելակ ստացել է բացասական եզրակացություն, դա նշանակում է, որ դրանք պիտանի չեն շահագործման»։ «Ա1+»-ի հարցին, իսկ հետեւո՞ւմ եք արդյոք, որ խափանված վերելակները չշահագործվեն, Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք միայն զգուշացնում ենք, բայց դեպքեր են լինում, որ համատիրությունը անտեսում է մեր զգուշացումը ու շահագործում վերելակը։ Նրանք պետք է հասկանան ու չօգտագործեն, կամ վերանորոգեն։ Մենք հետեւել չենք կարող»։ Այսօր Երեւանում գործում է 4341 վերելակ։ Մեծ մասը խորհրդային տարիներից մնացած են։ Մասնագետի հավաստմամբ՝ դրանց պիտանելիության ժամկետը 25 տարի է, բայց տեխնիկական ճիշտ սպասարկման միջոցով՝ դրանց շահագործումը կարելի է երկարացնել. «Մենք այսօր ունենք պահեստամասերի ներկրման խնդիր, դրանք շատ թանկ են։ Կա նաեւ մասնագետների խնդիր. երիտասարդները չեն ուզում ներգրավվել այս գործում, իսկ եղած մասնագետներն արդեն 70-ն անց են»։ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօր Երեւանի վերելակներն ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան քաղաքային տրանսպորտը. «24 ժամվա մեջ մի վերելակը 100 անգամ վերեւ-ներքեւ է անում, դա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է։ Եվ հետո բնակիչները նույնպես անխղճորեն են օգտվում դրանից՝ ձեռքերով բռնում են դռները, կարծում եք դա չի՞ վնասում վերելակին»։