Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՛չ թալանին, ո՛չ բռնապետությանը». իրազեկման երթ Երեւանում (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00003

Այսօր Մաշտոցի պուրակից սկսվեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած իրազեկման երթը։ Ակտիվիստները «Ո՛չ թալանին, ո՛չ բռնապետությանը», «Չենք վճարելու ավելի» կոչերով ու վանկարկումներով շրջեցին Երևանի փողոցներում՝ քաղաքացիներին բաժանելով հունիսի 19-ին Երևանում տեղի ունենալիք երթի մասին իրազեկման թերթիկներ։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները զրույցներ անցկացրին քաղաքացիների հետ՝ պարզելու նաև նրանց տրամադրվածությունը՝ ապագայում սպասվող միջոցառումներին մասնակցության հետ կապված. «Գալու ենք անպայման, մասնակցելու ենք, երեխեքիս հետ եմ գալու»,- նշեց Տիգրան Մեծ փողոցի վրա մուրացկանությամբ զբաղվող մի կին։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիան պետք է թանկանա. «Դա աբսուրդ է, որովհետև ինչպես արդեն համոզվեցինք մի քանի պաշտոնյաների հայտարարություններից, այստեղ կա ակնհայտ քաղաքական որոշում, որը ցավոք սրտի, տանում է իրենց համար ամենահեշտ ճանապարհով՝ թանկացնել էլեկտրաէներգիան և ոչ թե լուծել խնդիրը։ Անցած տարի ևս թանկացումներ եղան և Ռոբերտ Նազարյանն այն ժամանակ հայտարարեց, որ ամենաքիչը մեկ տարի այլևս թանկացում չի լինելու»։ Ըստ ակտիվիստի՝ ամբողջ խնդիրն առաջացել է ՀԷՑ-ի սխալ կառավարումից, սակայն իշխանությունն ընտրում է ամենահեշտ տարբերակը՝ թանկացում, որը ոչ ի նպաստ ժողովրդի է արվում։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Ռիմա Սարգսյանն էլ անդրադարձավ սպասվող միջոցառումներին. «Այսօր մենք իրականացնում ենք իրազեկման հավաք, իրազեկում ենք հունիսի 19-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին։ Մինչև հունիսի 19-ը նախատեսում ենք անցկացնել հեծանվարշավ, ինչպես նաև պարային-երաժշտական միջոցառում, որոնց նպատակը քաղաքացիների հետ զրույցներն են լինելու սպասվող հանրահավաքի մասին»։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ սահմանել։