«Հայ եկեղեցին դեմ չի կարող լինել որևէ կրոնական շարժման». Եպիսկոպոս (տեսանյութ)
Կրոնական կազմակերպությունների մեծ մասի գործունեությունն ուղղված է հոգևոր համակարգը խարխլելուն. համոզված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Սակայն նա հայտարարում է ՝ եկեղեցու բոլոր քայլերն, առանց հալածանքների ու առանց որեւէ մեկի դեմ լինելու, ուղղվելու են մարդու արժեքի բարձրացմանը, մեր երկրի բոլոր շերտերի անվտանգության բարձրացմանը. «Հայ եկեղեցին դեմ չի կարող լինել որևէ կրոնական շարժման, այն խղճի ազատության դեմ չի գործում: Մեր եկեղեցին մեկ առաքելություն ունի՝ հոգևոր քարոզչության ընդլայնում եւ ծավալում», -ասաց նա այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հրավիրված «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Նա հիշեցնում է, որ կրոնական շարժումների հարցը բաց է մնում հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում. «Մեր նման երկրում, որտեղ պետական անվտանգության մեծ խնդիրներ կան թե ներքին, թե արտաքին հարաբերությունների մեջ, այդկերպ ցանկանում են տկարացնել, թուլացնել, դարձնել անդիմագիծ զանգված՝ մարդու իրավունքը՝ դարձնելով պաշտամունք և կրոն, ու այդ տրամաբանությունը, ինչպես այսօրվա աշխարհում է գործում, ներդրել Հայաստանում, որտեղ ինչ ուզում են, կարող են անել: Մեր երկիրը պետք է խնայվի՝ գոնե մեր ջանքերով»։ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ համոզված է՝ հոգեւոր անվտանգություն այսօր Հայաստանում չկա. «Ատոմակայանի աշխատակիցների մեջ կան եհովայի վկաներ, իսկ եթե նրանք մի օր մի ձայն լսեն վերեւից ու փորձեն մի բան անել, ո՞վ է պատասխանը տալու»։ Ամարյանը ցավով է նշում, որ Հայաստանում 65 կրոնական կառույց կա, 14-ը ավանդական եկեղեցիների կառույցներն են, մնացածը նոր կրոնական կառույցներ են. «Ճիշտ է Եվրոպական կոնվենցիայում կա կետ, որով բոլորը ազատ են դավանելու, բայց ոչ ոք չի նայում մյուս կետին, որ եթե այդ կառույցները գործում են ի վնաս ազգային անվտանգության, պետք է իրավունքների սահմանափակում լինի»։