Ե՞րբ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան
Ռուսաստանի դաշնությունում իր պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տան անդամները հույսով դեռ սպասում են, որ նա կտեղափոխվի Հայաստան եւ պատժի մնացած մասը կկրի այստեղ։ «Դեռ ոչ մի նորություն չկա»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը։ Հունվար ամսին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ընդունել էր նրանց եւ տեղեկացրել, որ Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման հարցն ընթացքի մեջ է: Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին եւ դատապարտել 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ նա բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Հրաչյա Հարությունյանը ընդունել էր իր մեղքը։ Այս ընթացքում հարազատներն են միայն տեսել Հրաչյա Հարությունյանին եւ նշում են, որ առողջական վիճակը համեմատաբար լավ է։