Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գտնվում ենք բացահայտված մարդասպանների երկրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM93594_copy

Մարտի մեկի զոհերի ծնողներին հրավիրել են ՀՔԾ՝ կրկին հարցաքննության: «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը 2008թ. մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ երկու շաբաթ առաջ իրեն հրավիրել են ՀՔԾ. «Ես տեսա նոր քննիչի՝ Հակոբյանին, նախկին քննիչը չկար, նոր քննիչն ասաց, որ բոլոր գործերն իր մոտ են: Ես ասացի, որ արդեն երկու անգամ ցուցմունք եմ տվել ՀՔԾ-ին, նա ասաց, որ դրանք բոլորը պահպանվում են, հիմա ուղղակի ես ձեզ նորից պետք է հարցաքննեմ»: Նա նշեց, որ նոր արձանագրությունն է կազմվել. «Վերեւի մասում գրված էր, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով են եղել զոհերը: Ես հարցրի քննիչին՝ եթե դուք չգիտեք՝ ովքեր են մեր երեխաներին սպանողները, ապա ինչպես գիտեք, որ սխալ են օգտագործել զենքը: Ինձ չպատասխանեց: «Չերյոմուխա 7» տեսակի զենքը խստիվ արգելված է օգտագործել, ես հարց ուղղեցի քննչին, եթե դա խստիվ արգելված էր, ապա ո՞վ է թույլատրել այն զորամասից դուրս բերել: Նա կրկին չպատասխանեց»: Պարոն Քլոյանը քննիչին հիշեցրել է, որ Գլխավոր դատախազը տղամարդավարի խոստացել է, որ սայլը տեղից կշարժվի. «Սակայն յոթ տարի է՝ մենք հասկացել ենք, որ այս ամենը իմիտիացիոն բնույթ է կրում, որ ցույց տան, թե աշխատում են»: Ինչ վերաբերում է  Մարտի 1-ի քաղաքական շահարկումներին, Սարգիս Քլոյանը վստահերցեց, որ ՀԱԿ-ի կողմից որեւէ շահարկում չի եղել. «Բոլոր իրավական աջակցությունը ստանում են, միասին պայքարում ու ողբում ենք: Կան առանձին գործիչներ, որոնք ուզում են մեզ ներգրավել իրենց շարքերը: Մենք հասկացանք, որ շահարկում են, մենք հրաժարվեցինք: Մենք չէինք ուզենա, որ Մարտի մեկը քաղաքականացվեր, սակայն ես պարտավոր եմ մասնակցել ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին ու եւս մեկ անգամ բարձրաձայնել խնդիրը»: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը հրավիրվել էին նաեւ ներկայացուցիչներ ՀՔԾ-ից ու Գլխավոր դատախազությունից, սակայն չէին եկել: Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը նշեց, որ անձամբ իրեն չեն հրավիրել ՀՔԾ, ուղղակի երկու անգամ ծանուցագիր են ուղարկել, որտեղ միայն երեք զոհերի անուններն են գրված եղել. «Մեր բոլոր ծնողների տպավորությունը նույնն է՝ ոչինչ էլ չի փոխվելու: Մեզ ինչու են կանչում հարցաքննության, մեզ ընդամենը պետք է կանչեն այն ժամանակ, երբ ասեն, որ մարդասպանները սրանք են: ՀՀ նախագահը, եթե ուզենա, հինգ-վեց րոպեում կարող է բացահայտել»: Խոսելով քաղաքական շահարկումներից՝ պարոն Ֆարմանյանը խոսեց կոնկրետ անուններով. «ՀԱԿ-ից ոչ բոլորն են սրտացավ, կան անջատված գործիչներ, որոնք մոռացել են մեզ: Ես կտամ անուններ՝ Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան, որոնք իմ տան, իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն: Նրանք իմ տղայի արյան գնով մտան ԱԺ»: «Մարտի մեկ» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը, խոսելով ՀՔԾ կողմից սկսած հարցաքնություներին, նշեց, որ ըստ էության որոշել են տեսակավորել հանցագործությունները, թե ով ինչ զենքով է մահացել: Առնվազն չորս զոհի մարդասպանները կան. եթե լինի դատավարություն, ապա ամեն ինչ ի հայտ կգա: Մարտի մեկի բացահայտման կարիք չունենք, քանի որ հրահանգ տվողներն էլ են հայտնի, մարդասպաններն էլ. բացահայտված գործը պետք է ուղղակի հրապարակայնացվի: Եթե դա լինի, ապա հնարավոր չէ, որ այսօրվա իշխանության մեջ գտնվողները անմասն մնան»: Ըստ նրա՝ որեւէ քաղաքական ուժ չի սեփականաշնորհել մարտի մեկը. «Ծնողները ուրախ կլինեն, որ ցանկացած քաղաքական ուժ զբաղվի իրենց խնդրով: Եթե միայն մարտի մեկի օրն են հիշում այդ օրերի իրադարձությունները, դա արդեն շահարկում է: Ես ուզում եմ ասել՝ եթե  չի բացահայտվում, ապա ՀՀ-ն գտնվում է մարդասպանների տիրապետության տակ: Այսօր այդ մարդասպաններն ազատ շրջում են, մենք գտնվում ենք բացահայտված մարդասպանների երկրում»: