Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է՝ անշարժ գույքի գները բարձրանան (տեսանյութ)

Տնտեսություն
images

«Անշարժ գույքի շուկայում առաջնահերթ գործոն պետք է համարել կառուցապատման ծավալները, և դրանք շատ թույլ մակարդակի վրա են մեր երկրում»,-ասել է «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ ներկայում ոչ շինանյութի էժանացում չկա, ոչ էլ աշխատուժի, այս իսկ պատճառով նաև կառուցապատման ծավալները փոքր են։ «Անշարժ գույքի գնորդների մասով էլ խնդիր կա. պետք է փոքրումիջին բիզնեսն ակտիվացնել»,-վստահ է պարոն Բաղդասարյանը։ Զարգացած երկրներում միկրո է համարվում հինգ, տասը հոգանոց կազմ ունեցող բիզնեսը, որի շրջանառությունը 240.000 դոլար է, փոքր բիզնեսը մինչև 50 հոգանոցն է՝ 1 մլն 200.000 դոլար շրջանառությամբ, միջին՝ 150 աշխատողով՝ 3,5 մլն դոլար շրջանառությամբ, իսկ խոշորը՝ 250 աշխատողից ավելին է։ «Մեզ մոտ չափանիշներն այլ են՝ 58 մլն շրջանառությունն են համարում փոքր բիզնեսը, այսինքն մի քանի սանդղակով զիջում ենք աշխարհում ընդունված չափանիշներին»,-շեշտել է «Ակցեռն» կորպորացիայի նախագահը։ Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ միկրո բիզնեսը չի դառնում փոքր, փոքրը՝ միջին, իսկ միջինը՝ խոշոր։ Իսկ հնարավո՞ր է եկամտային հարկի մասին նոր օրենքի լիարժեք գործելու դեպքում երկրորդային շուկայում բնակարանների գների նվազում լինի, պարոն Բաղդասարյանը նշել է. «Մոտ 7 տարի առաջ երկրորդային շուկայում գներն ավելի բարձր էին, քան առաջնայինում։ Բայց իրավիճակը փոխվելու է։ Մարդիկ հասկանում են, որ օրինակ նոր մեքենան ավելի նախընտրելի է, քան տասը կամ քսան տարվա լավ մեքենան, նույնն անշարժ գույքին է վերաբերում»։ Անշարժ գույքի կորպորացիայի ղեկավարը շեշտել է, որ նախկինում երկրում արհամարհական կեցվածք կար դրսից եկող երկարատև ֆինանսական ներդրումների նկատմամբ. «Պետք է գային, խնդրեին, աղաչեին, մեզ մոտ մի կերպ համաձայնեին, որպեսզի թույլ տրվեր ներդրումներ կատարել։ Հիմա այդ մոտեցումը փոխված է»,-նշել է պարոն Բաղդասարյանը։ Նրա կարծիքով՝ հենց դրա շնորհիվ հնարավոր է՝ առաջիկայում անշարժ գույքի գները բարձրանան, բայց լավ կլինի, որ ոչ միայն գույքի գները բարձր լինեն, այլև մարդկանց աշխատավարձը, որպեսզի կարողանան ձեռք բերել այդ գույքը։ «Արժեք չունեցող գույք ունեցող պետությունում ոչ ոք չի ցանկանում բնակություն հաստատել։ Մարդիկ միշտ ձգտում են այնտեղ, որտեղ գույքն էլ արժեք ունի, մարդկանց աշխատավարձն էլ»,-եզրափակել է կորպորացիայի նախագահը։