Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-narine

Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մինորու Կիուչիի համար Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության գործողության։ Նա Ճապոնիայի հանրապետության եւ իր կողմից անկեղծ ցավակցություն է հայտնում Գյումրիի միջադեպի հետ կապված. «Լինելով խաղաղասեր պետություն` Ճապոնիան շարունակում է իր պայքարն ահաբեկչության դեմ: Այս ենթատեքստով էլ մենք ցանկանում ենք համագործակցել ՀՀ-ի հետ»: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը գործում է հունվարի մեկից, սակայն այս պահին դեռ չունի դեսպան. «Հիմա մենք քննարկում ենք հնարավոր թեկնածուներին: Ճիշտ է, մեր ֆինանսական միջոցները շատ սահմանափակ են, սակայն մենք ամեն ինչ կանենք, որ հնարավորինս շուտ ուղարկել մեր դեսպանին Հայաստան»: Որն էր պատճառը, որ Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը գործում է 2012թ., իսկ մեզ մոտ Ճապոնիան միայն հիմա է բացում դեսպանատուն. «Ճապոնիայում կան էլի երկրներ, որոնք ունեն դեսպանություններ մեզ մոտ, սակայն մենք իրենց երկրներում չունենք: Մենք նույնպես շատ էինք ուզում ՀՀ-ում ունենալ դեսպանություն, սակայն մեր ֆինանսական վիճակն այնքան էլ շռայլ չէ. մեզ թույլատրված է տարվա մեջ աշխարհում բացել 3-5 դեսպանություն»: Իսկ այս պահին դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Կենիչիրո Սասամեն նկատում է` երկու երկրների համագործակցությունը ցայտուն է հատկապես այն ոլորտներում, որտեղ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են: Նա անդրադառնում է նաեւ ԼՂ հիմնախնդրին. «Ճապոնիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մոտ ապագայում կլուծվի արդեն իսկ ձեռք բերած համաձայնությունների շրջանակներում»: Ճապոնիայի դեսպանատունը ՀՀ-ում իր առաջին ծրագիրն է իրականացնելու՝ Արարատի մարզի 25 դպրոցի տալով 102 610 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ գույք ձեռք բերելու նպատակով։ «Զարգացում եւ բարեկեցություն» ՀԿ նախագահ Գայանե Գեւորգյանը ներկայացնում է. «Դպրոցների մոնիթորինգ անելուց ու ընտրելուց հետո իրենց ներկայացուցիչները նորից մոնիթորինգ են անում տվյալ դպրոցներում` հասկանալու համար ինչքան է անհրաժեշտությունը, ինչքան են այդ դպրոցները վատ վիճակում գտնվում, որից հետո որոշում են` տրամադրել դրամաշնորհը, թե ոչ»: Ի դեպ, Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը տպավորված է Հայաստանից: Մեր երկիրը նա համարում է զբոսաշրջիկների համար գեղեցիկ եւ գրավիչ: