Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական լոբբին ավելի ակտիվ է, քան հայկականը. գերմանացի լրագրող

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Barbara-Oertel

Գերմանական առաջատար թերթերից մեկի՝ «Die Tageszeitung»-ի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելը  չորրորդ անգամ այցելեց Հայաստան ։ Հասցրել է ծանոթանալ մեր երկրի տեսարժան վայրերին, մարդկանց խառնվածքին։ «Հայաստանը զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Մի քանի հանգամանք է խոչընդոտում այդ զարգացմանը. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Թուրքիայի առնչությամբ պատմական ժառանգությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը, կարծում եմ, Հայաստանին ոչ մի լավ բան չի տա»,-նշել է նա։ Գերմանացի լրագրողը հասցրել է սովորել ռուսաց լեզուն, հիմա ցանկություն ունի հայերեն սովորել։ Հաճախ կարդում է ռուսական թերթեր, հետևում նաև հեռուստաընկերությունների աշխատանքին։ Կա՞ արդյոք Գերմանիայում խոսքի ազատություն. հարցին Բարբարան այսպես է պատասխանում. «Ամեն տարի առաջատար կազմակերպություններից մեկի ներկայացրած վարկանշային աղյուսակում, որտեղ աշխարհում խոսքի ազատության ցուցանիշն է նշվում, Գերմանիան միջնամասում է։ Մեծ հաշվով, կարող եմ ասել, խոսքի ազատություն կա, բայց մենք ամեն օր ենք պայքարում, որ այդ ազատությունը պահպանվի։ Կան փորձեր՝ դրա վրա ազդելու, սպառնալիքներ կան՝ տնտեսական պատճառներով։ Որոշ ընկերություններ փորձում են ազդել լրագրողների, թերթերի վրա։ Եվ քաղաքական գործիչների կողմից նույնպես փորձեր լինում են, եթե նրանց որևէ բան դուր չի գալիս»։ «Անկախ նրանից, թե ով է իշխանության, մեր նպատակն է կանոնակարգել այդ իշխանությունը, հակակշիռ ստեղծել։ Մենք ուզում ենք ցույց տալ խնդիրները՝ ինչ-որ բան փոխելու նպատակով։ Եթե կա վերք, ուզում ենք ձեռքը դնել ցավոտ այդ տեղի վրա»,-ասում է նա։ Լինելով թերթի արտասհմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիրը՝ Օերթելը հրաշալի պատկերացնում է հետխորհրդային երկրների քաղաքականության կողմերը։ Նշում է, որ Հայոց ցեղասպանության փաստին ժամանակ առ ժամանակ անդրադառնում են։ Նկատում է, որ երբեմն որոշ երկրներ այդ փաստն օրինագծի տեսքով ընդունում են այն ժամանակ, երբ ընտրություններ են լինում, որպեսզի տվյալ երկրում բնակվող հայերի ձայները ստանան։ Լրագրողը նկատել է նաև, որ ադրբեջանական լոբբին իրենց երկրում շատ ակտիվ է, մեծ գումարներ են ներդրվում դրա համար, ինչը չի կարող ասել հայկականի մասին։ Ի դեպ՝ Ադրբեջան նա ոչ մի անգամ չի այցելել։