Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ կետը դուր չի եկել տղամարդ պաշտոնյաներին (տեսանյութ)

Հասարակություն
violance

«Կինը բռնության է ենթարկվում անգամ այն դեպքում, երբ ճաշը ժամանակին տաքացրած չի լինում». սա Կանանց իրավունքների կենտրոնի գրանցած խախտումներից մեկն է։ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16 օրյակ»-ն անց է կացվում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Մեր երկրում կանանց դեմ բռնության խնդրով զբաղվող առաջին կառույցը հիմնադրվել է 1991 թվականին։ Կենտրոնը պայքարում է երեք մեխանիզմով. իրազեկման բարձրացում, ծառայությունների մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին և օրենսդրական դաշտի բարելավում։ 16 տարի է՝ գործում է նաև կենտրոնի Թեժ գիծը։ Գնալով զանգերը ավելանում  են, բայց դա աշխատակիցները չեն կապում բռնության դեպքերի ավելացման հետ։ Կանանց իրավունքների կենտրոնի նախագահը շեշտում է, որ կանայք ավելի համարձակ և ինքնուրույն են դարձել և խնդրի դեպքում միանգամից դիմում են։ Այս տարի 1437 զանգ են ստացել, որից 76-ը՝ մարզերից։ Կանայք ենթարկվում են թե հոգեբանական, թե ֆիզիկական և թե սեռական բռնության։ «Եթե կինը դուռը բացում է ամուսնու առջև աչքերը ներքև պահած, ամուսինն ասում է. ինչու ես ներքև նայում, կամ հակառակը՝ նայում է դեմքին, կամ ճաշը դեռ տաքացրած չի լինում, սրանք ևս դառնում են կնոջ նկատմամբ բռնության կիրառման պատճառ»,-տարբեր պատմություններից օրինակներ է բերում կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը։ Կառույցը  «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Կառավարությանը, սակայն այն երկար ժամանակ է՝ չի ընդունվում։ Կենտրոնի նախագահի խոսքով՝ պատճառը երևի թե օրենքի նախագծում առկա կետերից մեկն է, որտեղ նշվում է, թե բռնարարը պետք է 10 օրով հեռացվի տնից ոստիկանության կողմից։ «Այս կետը դուր չի եկել ոստիկանության և կառավարության տղամարդ պաշտոնյաներին»,-շեշտում է Սուսաննա Վարդանյանը։ Մասնագետը, սակայն, վստահ է, որ այդ օրենքի  ընդունմամբ  մեծ փոփոխություն կլիներ խնդրում և առնվազն, ընտանեկան բռնությունն ավելի տեսանելի կդառնար։ Հոգեբան Մարինե Մարտիրոսյանն էլ շեշտում է, որ թեև աշխատում են բացառապես կանանց հետ, բայց միջնորդավորված ձևով աշխատանք է տարվում, փաստորեն, նաև տղամարդկանց հետ,  և հաճախ լուրջ փոփոխություններ են լինում, որի արդյունքում ընտանիքը շարունակում է համատեղ, բնականոն կյանքը։