Սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները՝ «գեղցիություն» (տեսանյութ)
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկեց նաեւ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Նախագծի քննարկումը անցավ ոչ միայն շատ բուռն, այլեւ ուրախ մթնոլորտում: Ի դեպ, այսօր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ծննդյան օրն էր եւ գործընկերները հումորով պարբերաբար դա հիշում էին: Վարդան Այվազյանն իր հերթին կատակում էր, անեկդոտներ պատմում եւ բարձր տրամադրությամբ միջամտում, արձագանքում բարձրացվող հարցերին: Օրինակ` նա հիշեց հետեւյալ անեկդոտը. «Վրացուն ասում են՝ ի՞նչ ես կերել, ասում է ոչ մի բան, ասում է, բա դու ի՞նչ ես կերել, ասում է` վռիկ: Ասում է՝ էտ էլ բան է, ասում է՝ չեղավ-չեղավ, քո ոչ մի բանի չափ չեղա՞վ»: Այնուհետեւ հարկերից խուսափելու եւ իրական շրջանառությունը թաքցնելու մասին խոսելիս էլ պարոն Այվազյանը հիշեց «10 պատվիրանները»` միաժամանակ խաչակնքելով: Նա անգամ չմոռացավ լրագրողներին` ասելով, թե այսօրվա իրենց քննարկմանը ուշադիր հետեւում են եւ հետաքրքրված են միայն լրագրողները: Այդ պահին նիստին ներկա պատգամավորները պարբերաբար դուրսուներս էին անում: Ինչ վերաբերում է հանձնաժողովի մյուս մասնակիցներին, ապա մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները ձեւականություն համարեց, ավելի կոնկրետ` «գեղցիություն». «Ես կքցվեմ էս շենքից, հորս արեւ»,- իր բարկությունն այդ կերպ արտահայտեց Հրանտ Բագրատյանը: Իսկ ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կոնկրետ հարց բարձրացրեց. «Օրինակ մի հարուստ մարդ ապրում է Ռուսաստանում, լսելով այս օրենքի մասին` ուզում է Շամշադինում պահածոյի գործարան դնի, որն արժի 5 մլն դոլար, սակայն երեք տարի սարքելուց հետո իրեն ասեն` արտոնություն չունի՝ առաջարկելով նշել արտոնության կոնկրետ ժամկետ»: Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Մենք ասում ենք` հարգելի հայրենասեր, եթե դուք գալիս եք սահմանամերձ համայնքում ներդրում կատարելու, դուք ազատվում եք ԱԱՀ-ից ու շահութահարկից, իսկ տարիների մասին օրենքը բան չի ասում»: Պատգամավորը նկատեց` սա միայն տնտեսական հարց չէ, այլեւ քաղաքական. «Այսօր այնտեղ պատերազմ է, արտոնություն ենք տալիս, իրավիճակը կարգավորվեց,ասենք, հոպ, արտոնությունը փակվե՞ց, այդ մարդն ի՞նչ անի, նստի լացի՞ այդ գործարանի վրա»: Վարդան Այվազյանը Վախթանգ Միրումյանին առաջարկեց նախագիծը կրկին քննարկել կառավարությունում, ֆիքսել կոնկրետ ժամկետներ եւ բերել քննարկման: