Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից պետք չէ շատ բան ակնկալել». դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
despanner

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը առաջին համաշխարհայինից հետո Եվրոպայի ամենամեծ ձեռքբերումը համարում է Եվրամիության ստեղծումը։ Ասում է՝ միջոցառումներ են անցկացվելու նաև Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, և սա մեկ անգամ ևս կփաստի, որ երբեմնի ոխերիմ թշնամիներն այսօր բոլորովին այլ հարաբերություններ ունեն։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էլ հույս է հայտնել, որ հաջորդ տարի մեր երկրի ու Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց կլինի։ Երկու երկրների դեսպանները դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակիացող հանդիպումները։ Մորելը, սակայն, հորդորում է շատ լավատես չլինել ու շատ բան չակնկալել այդ հանդիպումներից։ «Լավ է, որ կա երկխոսություն և կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է՝ խնդիրների լուծման համար»,-նշել է նա։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Մորելն ընդգծել է, թե նշաններ է տեսնում, որ Ռուսաստանը կկարգավորի հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Քեթրին Լիչն էլ շեշտել է, որ Ուկրաինան ինքնաբավ, լիարժեք պետություն է և իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին։ Արդյո՞ք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն նաև մեր երկրի վրա, այս առնչությամբ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը շեշտել է, որ դրանք պետք է գործեն Ռուսաստանի ներսում միայն, քանի որ հենց իրենց դեմ են ուղղված։ «Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ հակադարձ սանկցիաներ է կիրառել Եվրոպայի նկատմամբ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և կարծում եմ, որ սրանից կարող է շահել Հայաստանի գյուղատնտեսությունը»,-եզրափակել է Ռայներ Մորելը։ Նշենք նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները մի շարք միջոցառումներ են նախաձեռնել։ Դրանցից մեկն այցելությունն է Գյումրի, որտեղ Բայրոնի անվան դպրոցի աշակերտների հետ մեկտեղ դեսպաններն այգում կակաչներ են տնկելու՝ իբրև խաղաղության խորհրդանիշ։ Միջոցառումները կեզրափակվեն դեկտեմբերի 5-ին։ Այդ օրը Սուրբ ծննդյան խաղաղության ֆուտբոլային խաղ է կայանալու երկու դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դա խորհրդանշական է, քանի որ պատերազմի տարիներին՝ Սուրբ ծննդյան օրը, բրիտանացի և գերմանացի զինվորները միասին ֆուտբոլ են խաղացել և այդ ընթացքում կողմերից կրակոցներ չեն հնչել։