Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղ ՏԵԼԵԿՈՄԸ» ՎԵՐՋԱՊԵՍ «ԿԱՊԻ» ՄԵՋ Է

Հասարակություն

Այսօր Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանում լրագրողներին հանդիպեցին հայաստանյան բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ Տելեկոմ» ընկերության ղեկավարներն ու Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբրիել Ժերարը:

«Ղ տելեկոմի» տնօրենների խորհրդի անդամ Հուսսեյն Ռիֆային, որն աշխատելու է Հայաստանում, պարզաբանեց, թե ինչու է մամուլի ասուլիսը հրավիրվել Փարաջանովի տանը. «Ընկերության հիմնադիր «Ֆատուշ Գրուպը» զգայուն կազմակերպություն է ավանդույթների եւ մշակույթների հանդեպ, դրա համար էլ որոշեցինք մեր առաջին պրեսս-կոնֆերանսն այստեղ անել»:

Նա նաեւ ասաց, որ լիբանանցի մեծահարուստ Պիեռ Ֆատուշը բջջային կապի ծառայություններ մատուցելու համար արդեն 75 մլն դոլար է ներդրել, ինչը Հայաստանի տնտեսության համար մեծագույն համարեց: Իսկ ինչո՞ւ է ազգությամբ արաբ լիբանանցի Պիեռ Ֆատուշը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում նման ազգանվեր ծրագրեր իրականացնում: «Որովհետեւ ծնվել ու ապրել է մի քաղաքում, որտեղ բազմաթիվ մեծահարուստ հայեր կան, եւ ինքը նրանց շատ է սիրում»,- վստահեցրին նրա գործընկերները:

«Ղ Տելեկոմի» խորհրդի անդամ Հուսսեյն Ռիֆայիի գլխավոր խոստումն այն էր, որ նոր բջջային օպերատորն ունենալու է ցանցի, սպասարկման, օպերատոր-բաժանորդ շփման գերբարձր որակ: Հուլիսի 1-ից բջջային երկրորդ օպերատորը մտնում է հայկական շուկա: Նրա բաժանորդների հեռախոսի էկրանին անգլերեն տառերով կգրվի «Վիվա Սել» (Viva Cell) արտահայտությունը, ինչն ընկերության ապրանքանիշն է, նշանակում է` «ձեր ընտրանքը»: Նոր օպերատորի բջջային քարտերը նույնպես երկու տեսակի են լինելու` բաժանորդային եւ կանխավճարային: Սակագների մասին այսօրվա ասուլիսում ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոչինչ չասաց` խոստանալով դրանք այս ամսի 28-29-ին գաղտնազերծել: Գլխավորն այն է, որ կանխավճարային քարտերը, որոնց շահագործման սկզբունքը «ԱրմենՏելի» «Իզի քարտին» է նման, վաճառվելու են ազատ, բոլոր սպասարկման կետերում, այն կոչվում է` ALO:

«Ղ Տելեկոմում» աշխատում է 140 մարդ, բոլորը Հայաստանից: Հուլիսի 1-ից նրանք ի վիճակի կլինեն սպասարկելու միանգամից 300 հազար բաժանորդի: Սկզբում ծածկույթը կընդգրկի Երեւանը, Արմավիրն ու Արարատը ամբողջությամբ, Արագածոտն, Կոտայք եւ Գեղարքունիք մարզերի որոշ հատվածներ:

Ռալֆ Յիրիկյանն այսօր նաեւ վստահեցրեց, որ իրենք կմատուցեն աշխարհում հայտնի բջջային գրեթե բոլոր ծառայությունները` SMS կարճ հաղորդագրություններ, VMS ձայնային փոստ, GPRS հեռախոսից ինտերնետի միացում, ռոումինգ: Նա շրջանցեց «Ա1+»-ի դիտարկումը, թե` «ԱրմենՏելի» հետ յոթ ամսվա բանակցություններից հետո համոզվե՞լ են, որ Հայաստանում կարելի է շատ ավելի էժան գներով մատուցել բջջային կապ: «Շուտով կսկսենք աշխատել, դուք ամեն ինչ կտեսնեք եւ կհամոզվեք»,- կարճ կապեց Յիրիկյանը:

«ԱրմենՏել»-«Վիվա Սել», լարային ցանց-«Վիվա-Սել» մուտքի զանգերը Հայաստանում լինելու են անվճար, դա պոտենցիալ բաժանորդների թիվ մեկ մտահոգությունն էր, որն այսօր փարատեցին «Ղ Տելեկոմի» ղեկավարները: