Այսօր՝ Դանիա - Հայաստան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի առաջին հանդիպումը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ազգային թիմը Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում թիմերի գլխավոր մարզիչներն այսպիսի կարծիք են հայտնել առաջիկա հանդիպման մասին: Մորտեն Օլսեն (Դանիայի հավաքական). «Հայերի հետ խաղում հեշտ «զբոսանք» չի սպասվում: Այդ մասին կարող են վկայել նաեւ Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների մարզիչները: Հայաստանը հատկապես ուժեղ է խաղում մրցակցի դաշտում, այդ մասին մենք պետք է միշտ հիշենք»: Բերնար Շալանդ (Հայաստանի հավաքական). «Անցած տարվա հանդիպումը յուրահատուկ է ստացվել, քանի որ դանիացիները 40-րդ վայրկյանին գոլ էին ընդունել: Ներկայիս Դանիան շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում՝ հյուսիսային տիկի-տակա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ եթե Դանիան նախորդ տարի 0:4 հաշվով պարտվել է եւ այդ պատճառով թույլ է, ապա նա անխելք է: Դանիային միայն անխելքը կարող է թույլ համարել»: Նշենք, որ Դանիա – Հայաստան հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: Բուքմեյքերական գրասենյակները այս հանդիպման ֆավորիտ են համարում Դանիայի հավաքականին: Դանիացիների հաղթանակը դրանք գնահատել են 1.44 գործակիցով, իսկ Հայաստանինը՝ 9.00: Ոչ-ոքին արդյունքին տալիս են 4.5 գործակից: