Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիան մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում եւ կաշկանդված է ԼՂՀ հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն
82527c2f8a3372fd20e4129aaeef2d7b

Հուլիսի 6-12-ը Լոնդոն կատարած այցից Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի 7 ներկայացուցիչը գոհ էին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայկական պատվիրակության ղեկավար Թեւան Պողոսյանը նշեց, որ այցի շրջանակներում քննարկվել են թե քաղաքական, թե տնտեսական հարցեր: Բրիտանացիներին խիստ հետաքրքրում է ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ հատկապես վերջին զարգացումները ԵՏՄ եւ ՄՄ անդամագրության շուրջ: Այսօր ԱԺ-ում Լոնդոն կատարած այցից հետո իրենց տպավորությունները կիսեցին հայկական պատվիրակության անդամները: ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատում է՝ ճիշտ է, բրիտանացի գործընկերներն այնքան էլ գոհ չեն ՀՀ ընտրությամբ, սակայն շատ լավ են հասկանում իրավիճակը: Տիկին Աճեմյանը տեղեկացրեց` Լոնդոնում ընդունել են իրենց առաջարկներն ու խոստացել աջակցել. «ՀՀ-ն ունենալով ԼՂ խնդիր, երբեք չի կարող իր շահը չգիտակցել, եւ բոլոր այն քվեարկություններին կամ քննարկումներին, որոնք տեղի են ունենում միջազգային հարթակներում, հենց ելնում է այդ դիրքորոշումից»: Լոնդոնում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր կողմից փորձել է բացատրել, թե ինչու ՀՀ ընտրությունը եղավ ոչ թե ԵՄ-ն, այլ ԵՏՄ-ն. «Երբ ընտրության առաջ ես կանգնած զարգացման, թե պահպանման, ապա նախ եւ առաջ ընտրում ես պահպանության, անվտանգության համակարգը»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից կարեւորվել է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը մեր տարածաշրջանում: Անգլիան մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում, եւ սա կաշկանդում է նրան որոշումներ կայացնել ի օգուտ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի. «Շատ կարեւոր է, որ մենք հանդես գանք համապատասխան փաթեթով, առաջարկություններով, որպեսզի թե հակակշռվի ներդրումներն ու մասնակցությունը, թե քաղաքական գործընկերային հարաբերություն հաստատել»: Բրիտանացի գործընկերներին հատկապես մտահոգել էր միջազգային գործընթացներում ՀՀ մասնակցությունն ու քվեարկությունները: Հայկական պատվիրակության ղեկավար Թեւան Պողոսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ-ն չի կարող քվեարկել մի փաստաթղթի օգտին, որտեղ որպես միջազգային իրավունք` նշված է միայն տարածքային ամբողջականությունը. «Որեւէ մի փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականությունը նշվել է առանց ազգերի ինքնորոշման, ՀՀ-ն միշտ դեմ է քվեարկել»: