Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի դեսպանատանն էր

Պաշտոնական
serzh4

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:  Սերժ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և մաղթում հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը: