Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է Հայաստանի հատուկ ծառայությունների մեղքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media1

«Ռուսաստանը Հայաստանից ինչ-որ հնարավոր էր վերցնել՝ արդեն վերցրել է, և արդեն Հայաստանի հետ վարվում են բացասական էմոցիոնալ ոլորտում, ինչի օրինակն է Ղազախստանի նախագահի պահվածքը»,- հայտարարեց քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» թեմայով բանավեճում, որը կազմակերպվել է «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ։ Նուրսուլթան Նազարբաևի՝ Աստանայում արած հայտարարությունը չի զարմացնում բանավեճի մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանին. «Որևէ անակնկալ չկար Աստանայում տեղի ունեցածի մեջ, դա սպասելի էր մեզ համար, քանի որ ոչ ձևով, ոչ բովանդակությամբ մեզ համար անակնկալ չէր»։ Իսկ բանավեճի մեկ այլ մասնակից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ Նազարբաևի ելույթի մեջ մեղավորներ պետք է փնտրել Հայաստանում. «Հայաստանի հատուկ ծառայությունների մեղքն է, որ տեղեկություն չեն ունեցել Նազարբաևի կողմից արվելիք հայտարարության մասին, և դրա պատճառով բաց է թողնվել այդ թեմայով մեր հստակ դիրքորոշումը հայտնելու հրաշալի առիթ։ Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա Նազարբաևը պարզապես այդ կերպ փորձեց հաճոյանալ Ալիևին։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է այդ ժամանակ ասեր, որ եթե ցանկանում եք ԼՂՀ-ում ապրող ժողովուրդը սովամահ լինի, ապա ձեր ուզածը կլինի։ Ես վստահ եմ, որ նա շատ լավ գիտի, որ Արցախում արտադրված ապրանքները դուրս են գալիս արտաքին շուկա ՀՀ- ի միջոցով, և դա շարունակվելու է»։ «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» Բանավեճի անդամները կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ էր Նազարբաևի հայտարարությունից, իսկ Նազարբաևի այդ հայտարարությունը և Աստանայում Սերժ Սարգսյանի փաստաթղթի չստորագրումն ապացուցեց, որ Հայաստանն այդ միության հիմնադիր անդամ չի և չի կարող լինել։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ բանավեճի մասնակիցներին կոչ արեց ուշադրություն չդարձնել միայն Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, այլ նրանց ուշադրությունը հրավիրեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքին. «Մենք շատ ենք խոսում Նազարբաևի մասին, սակայն ոչ պակաս լուրջ հարցեր է բարձրացնում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով ասում է, որ Հայաստանը նման ազատություններով չի կարող մտնել Եվրասիական միություն»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը։