Որ գործարարին եւ ում մերձավորին է հասել ռուսական վարկը (տեսանյութ)
Ո՞ւր է գնացել, ինչի՞ վրա է ծախսվել 500 մլն դոլար ռուսական վարկը: Այս հարցը հետաքրքրում էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ըստ որի՝ վարկը ըստ էության չի ծախսվել: Նա վստահեցրեց՝ ինքը գիտի ու անգամ պատրաստ է ցուցակներ ներկայացրել, թե այդ վարկը որ գործարարի, որ իշխանավորի մերձավորներին է տրվել: Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց՝ պետական բյուջեում այդ մասին մանրամասն ներկայացված է՝ վարկը ծախսվել է աղետի գոտու համար, մասնավոր վարկերի տրամադրման համար. «Իսկ մեծ մասը տրամադրվել է ԿԲ-ին՝ տնտեսության ֆինանսավորման համար»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մեր արտաքին պարտքը նախորդ տարի մարվել է 861 մլն դոլարով, ինչը 2012թ. համեմատ բավականին մեծ թիվ է կազմել եւ կազմել 2013թ. եկամտային մասի 33 տոկոսը. «Արտաքին պարտքի մարման հաջորդ նման պիկը լինելու է 2020թ., երբ պետք է մարենք 1մլրդ դոլար: Որքանո՞վ են նպատակահարմար նման պիկերը, հնարավո՞ր չէ բանակցել ու ավելի սահուն դարձնել մարումները: Չե՞ք կարծում, որ այս թվերի հարթ գրաֆիկն ավելի օգտակար կլիներ տնտեսությանը, եւ նման կտրուկ տատանումները արդյո՞ք լուրջ վնասներ չեն տալիս»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցրեց՝ ռուսական վարկը մարեցին, եւ դա եղավ հիմնական պատճառը, որ նախորդ տարի պետական պարտքի մարման նման մեծ տատանումներ եղան. «Դուք ճիշտ եք ասում, ձեր անհանգստությունը հասկանալի է, սակայն ուզում եմ ձեզ հավաստիացնել՝ մենք ունակ ենք կատարելու մեր արտաքին պարտքի սպասարկումը»: Նիկոլ Փաշինյանին արձագանքեց նաեւ Ատոմ Ջանջուղազյանը՝ բավականին ընդարձակ պատասխանով, որին հաջորդեց Փաշինյանի մեկնաբանությունը. «Պարոն Ջանջուղազյան, ձեր պատասխանն ինձ հիշեցրեց Պարույր Սեւակի «Առաջադրանք աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաներին»: Այս երկարատեւ պատասխանից հետո ես միեւնույնն է պատասխան չունեմ»: Փորձեց օգնության հասնել Արթուր Ջավադյանը՝ նշելով. «Ռուսական վարկը մենք մարել ենք տարեկան կտրվածքով, ու եթե այն չմարեինք, ապա 2020թ. ավելի վատ կլիներ պարտքի ծանրաբեռնվածության իմաստով: Ռուսական պարտքը մենք կարողացանք մարել մեկ այլ վարկով՝ եվրոբոնդերի միջոցով»: