Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի նախագահին (видео)

Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր գնահատեցին ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարը արժևորեց Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը: