Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ Արմեն Սարգսյան (видео)

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին է լինելու աշխարհի ապագան։ «Կայունության մասին խոսելը հեշտ է թվում, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քանի որ կայունությունը միայն ժամանակի հետ չի կապված, այլ՝ շատ բաղադրիչներ ունի,-ասել է նախագահը։- Պետք է հաշվի առնել ազգային կերտվածքը, երկրի զարգացման փուլը, երկրի կառավարման ձևը։ Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, որը քիչ կանխատեսելի է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր, ինչպիսին նաև Հայաստանն է, ազդեցություն ունի, կարող է լինել հաջողակ։ Այդպիսին է նաև ԱՄէ-ն՝ փոքր, բայց հզոր և հաջողակ երկիր։ Փոքր երկրներում անհատների ուժը հզորանում է։ Հատկապես Հայաստանը հատուկ ազգային կերտվածք ունի։ Հայաստանը վայր է, որտեղ անհատի ուժը միանգամայն հզոր է։ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, և մարդկանց կապվածությունը «Ֆեյսբուքին» բարձր մակարդակի վրա է, հասարակությունը ներգրավված է կայունության ապահովման գործընթացում»։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկրի կայունության ապահովման համար պետք է ունենալ ակտիվ հասարակություն, հատուկ հետաքրքրվածությամբ բիզնես։ «Երբ երկիրը հստակ տեսլական ունի, թե ինչ ձեռքբերումներ է ցանկանում գրանցել, կարելի է հասնել դրանց՝ տարբեր կողմերի միջև ներդաշնակություն ստեղծելով, նախ և առաջ ներգրավելով հասարակությանը, շփվելով մարդկանց հետ,- ասել է նախագահը։- Այսօր ավելի հեշտ է հասարակության հետ շփումը․ կարելի է նրա հետ ամեն օր խոսակցություն ծավալել, ներգրավել նրան և դարձնել խնդիրների լուծման մասնակից, քանի որ նաև նրանք են ստեղծում խնդիրները։ Կայունությունն այն չէ, ինչը մեզ հարմարավետության գոտում է պահում, մենք պետք է ստեղծենք կայունություն անկանխատեսելիություններով լի աշխարհում։ Նոր աշխարհում կայունությունը կնշանակի զարգացում և հնարավորություն։ Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել բնության և եղանակային փոփոխության հետ կապված շատ խնդիրներ։ Վերջիններս ի հայտ են եկել արդյունաբերական հեղափոխությունների արդյունքում։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը զուգահեռ, նաև վնաս է հասցվել մոլորակին։ Սակայն դրական կողմն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք կարող ենք կիրառել արևային էներգիան, միջուկային էներգիան։ Մենք նոր աշխարհի խաչմերուկում ենք, և երբ դիտարկում ենք կայունությունը, այն ամբողջովին տեսլականի, զարգացման և հնարավորությունների մասին է: Ապագայի համար ամենակարևոր արժեքը լինելու է մարդը: Մարդկության բարոյականությունը և ներգրավվածությունը վճռորոշ են դառնում, քանի որ առաջընթացի, կայունության, զարգացման, հնարավորության ստեղծման համար անհրաժեշտ գործիքները դառնում են շատ ավելի հզոր: Մարդկությունն այլևս նույնը չէ, ինչ հազարավոր տարիներ առաջ էր, երբ նրա ձեռքին մուրճն էր: Այսօրվա մարդը հզոր ուժ ունի իր ձեռքում»: Կայունությունը և կլիմայական փոփոխությունները ժամանակի ընթացքում ավելի շատ մարտահրավերների են հանդիպում: Ո՞րն է փոքր երկրների դերը այս հարցում․ ի պատասխան այս հարցադրման՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները շատ հզոր են դառնում, նորարարությունը զարգանում է արագ տեմպերով, անհատները հզորանում են, իսկ ստարտափը կարող է դառնալ բազմամիլիարդանոց ընկերություն, ապա նույն կերպ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ լինել, այլ նաև հզոր: «Դա կախված է, թե ինչքան լավ ես դու կազմակերպված և ինչքան լավ ես հաղորդակցվում աշխարհի հետ, ինչպիսի հեռահար զարգացումների ծրագիր ունես տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան ջանք ես ներդնում,- նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե խոսենք իմ երկրի մասին, որը փոքր է, բայց շատ ավելի մեծ է որպես ազգ, ապա մենք այսօր՝ 21-րդ դարում, ունենք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ մենք համաշխարհայնորեն փոխկապակցված ազգ ենք: Եթե դուք մտածեք «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ այլ սոցիալական ցանցի մասին, ապա հայերի համար կա մեկ այլ ցանց, որը կոչվում է ազգային: Հայերը, անկախ նրանից ապրում են Արգենտինայում, Կալիֆորնիայում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում կամ մեկ այլ երկրում, հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք կապված են իրենց պատմության և հայրենիքի հետ, նրանցից շատերը նշանակալի ներդրում ունեն աշխարհի զարգացման գործում: Այդպիսով ստեղծվում է համաշխարհային ցանց, որը մեծ առավելություն է: Երեք, չորս և նույնիսկ հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում: Նրանք տարբեր մշակույթ, գիտելիք ունեն և հաջողությամբ մեր երկիրն աշխարհին են կապում։ Նրանք կարող են իրենց շարունակական ներդրումն ունենալ մեր երկրի հաջողության համար»: