Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ոստիկանները հայտնաբերել են Աբովյանում «Տոյոտա» մակնիշի մեքենան հրկիզողին (видео)

Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 17-ի գիշերը մեքենա էր այրվում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալով` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հասցե մեկնեցին: Տանտերերի հետ հրշեջ ջոկատին հաջողվել էր մարել կրակը: Այրվածքներ ստացած քաղաքացիներ չկային: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ բռնկման պատճառը մեքենայի անսարքությունը չէր. ինչ-որ մեկը դիտավորությամբ այրել էր վթարի ենթարկված «Տոյոտան», որը նորոգելու նպատակով տերն արհեստավորի տան մոտ էր թողել: Տնից հեռու չէր նաև մեքենաների նորոգման կետը: Իրավապահները գիտեին, որ զգալի չափերի գույքային վնաս պատճառելու շարժառիթները կարող են բազմազան լինել` խուլիգանական դրդումներ, վրիժառություն, խանդ, նախանձ: Հարկավոր էր պարզել` հրկիզողի միջանձնային հարաբերություններն ում հետ կարող էին լարված լինել` մեքենայի տիրոջ, թե՞ արհեստավորի: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Ուսումնասիրվեցին հարակից տների և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին մեքենայի հրկիզումը: Բայց կասկածվողի արտաքին տվյալների վերաբերյալ հնարավոր չէր հստակ պատկերացում կազմել: Միջոցառումները շարունակվեցին, աշխատանքներին միացան նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները: Եվ համատեղ աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց: Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ իրավապահները պարզեցին, որ «Տոյոտա» մակնիշի մեքենան հնարավոր էր հրկիզած լինել Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Բերման ենթարկված տղամարդը արհետավորի հարևանն էր, որը զբաղվում է ավտոպահեստամասերի առուվաճառքով և, ըստ նախանական տվյալների, գործնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնության արդյունքում էր գնացել այդ քայլին: Հանգամանքերը պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: