Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ (видео)

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։ Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։ Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ու ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ժամանակն է նոր թափ ու որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին»։ «Հայ-ուզբեկական կապերն ունեն պատմական խորը արմատներ, որոնք արժևորվում են երկու երկրներում»,-նշել է Սենատի նախագահը։ Նա ընդգծել է Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը՝ նշելով, որ նրանք վայելում են ուզբեկ ժողովրդի հարգանքը և բարեկամական վերաբերմունքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտների զարգացմանն ուղղված նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համատեղ գործունեության մեծ հնարավորությունները։