Կասպարովը չի ընդունում այլմոլորակային շախմատը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը պաշտոնապես գրանցվել են կազմակերպության կողմից եւ այս տարվա օգոստոսին կմասնակցեն ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է անգլիական The Guardian օրաթերթը, Գարի Կասպարովը հերթական անգամ քննադատության է ենթարկել գործող նախագահին. «Արեւմտյան ոչ մի հովանավոր չի լինի նրա հետ, ով խոսում է այլմոլորակայինների մասին եւ այցելում է աշխարհի ամենավատ բռնակալներին»: Աշխարհի չեմպիոնը նկատի ունի այն, որ ՖԻԴԵ-ի գործող նախագահը վերջերս հայտարարել է, որ շախմատը այլմոլորակից երկրիր բերված ծածկագիր է, բացի այդ ֆեդերացիան չի կարողանում հովանավոր գտնել Կառլսեն – Անանդ աշխարհի թագի մրցամարտի համար եւ որոշել մրցավայրը: Ըստ Կասպարովի՝ Իլյումժինովը ընտրարշավի ընթացքում այցելել է այնպիսի երկրներ, որտեղ կառավարում են միահեծան բռնակալներ: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ 56 ազգային ֆեդերացիաները պաշտպանում են գործող նախագահի թեկնածությունը, իսկ 20-ը Գարի Կասպարովի կողմն են: Սակայն անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորտը կարծում է, որ այս անգամ ավելի լարված պայքար կընթանա, քան եղել է 2006 եւ 2010 թթ. ընտրություններում: