«Նովոռոսիսկ, Անապա, Մալայա Զեմլյա, վսե մի վայեվալի» (տեսանյութ)
Հայրենական Մեծ պատերազմի վետերան 90-ամյա Սարիբեկ Պողոսյանը գիտի` հիմա իր նմաններին կարելի է մատների վրա հաշվել: Նա մինչեւ Բեռլին է հասել: Կրծքի մեդալները սոսկ պատերազմի մասնակցի գնահատական չեն. «Բոլորն արժեքի համար եմ ստացել»: Օրվա հերոսը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Ուկրաինայի եւ Լեհաստանի միջով մտել Բեռլին, հաղթանակի օրերին մարշալ Ժուկովի հետ օղի է խմել, բոլորն էին իրեն մարդու տեղ դնում. «Հիմա ոչ մի բան, մկա մայիսի 9-ը գիկա, ոչ մեկ… ղրաղ են քաշվում»: Ոչ մեկին այս ծերունին խորհուրդ չի տալիս տեսնել այն սարսափները, ինչ ինքն է տեսել, վիրավորվել է երեք անգամ, մի քանի անգամ ուղեղի ցնցում է տարել. «Խաղաղության վետերաններ եմ ուզում, հողի աշխատող վետերաններ ենք ուզում»: Այսօր Սարիբեկ Պողոսյանն ապրում է 50 հազար դրամ թոշակով: Ամբողջ գումարը ծախսում է թոռների ու ծոռների վրա. «Իիիինչ, էդի փող է, փողն արժեք չունի»: Կյանքի մեծ մասն աթեիզմի երկրում ապրած այս մարդը Մայր Աթոռի բակում հանգստանում էր, գեղեցիկ եւ աչքի համար հաճելի այս վայրում նա Աստծուն չէր փնտրում, նա գիտի Աստծո տեղը. «Քրիստոս Աստված քու խիղճն է: Եթե դու անցնում ես, տեսնում ես մի հատ մուրացկան երեխա, հանում ես երկու կոպեկ ես տալիս, էտի դու արդեն… Քրիստոսն ասում է` ես եմ մուրացկան»: Մշեցու արմատներով այս ծերունուն անմիջապես են նկատում Մայր Աթոռ ժամանած ռուս պատանի զբոսաշրջիկները, հազիվ ռուսերենով նրանց տեղեկացնում է` ես ձեր համար եմ կռվել. «Նովոռոսիսկ, Անապա, Մալայա Զեմլյա, վսե մի վայեվալի»։ Երկարակեցության գաղտնիքը Սարիբեկ Պողոսյանի համոզմամբ կյանքի առաջին տարիների մեջ է, ասում է` հինգ տարի մորս կուրծքն եմ կերել, ուզում եմ ապրել 100 տարի, պետք է։