Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ «Արարատ»-ի մարզչական կազմում

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ակումբի ղեկավարների պահանջով հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Աբրահամ Խաշմանյանի հետ մարզչական շտաբը լքել են նաեւ Աշոտ Գրիգորյանը եւ Արմեն Տոնոյանը: «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը, ով մինչ այդ կատարում էր ավագ մարզչի պարտականությունները: «Արարատի» պաշտոնական կայքը գլխավոր մարզչին ազատելու կապակցությամբ տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք կրճատումներով. «Միկայի» հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնչեցրեց հետեւյալ մտքերը. «Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ սպառել ենք», «Ի՞նչ չեմպիոնության մասին է խոսքը այսպիսի խաղի պայմաններում», «Այսպիսի խաղով թիմն արժանի չէ չեմպիոնության»: «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմն իրեն չի սպառել: Միեւնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում եւ տրամադրվածություն ունեցող մարզիչը այլեւս անելիք չունի թիմում, քանի որ նրա խոսքերը բերում են այն եզրակացության, որ նա չի տեսնում թիմի խաղը բարելավելու եւ առաջընթացն ապահովելու ճանապարհը: Մարզչի անկումային տրամադրությունը փոխանցվել էր նաեւ ֆուտբոլիստներին: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կայացրեց մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում: