Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր բլուրում թաղվածների և մեր գեները նույնակա՞ն են՝ կպարզի ԴՆԹ-ն (տեսանյութ)

Հասարակություն
Hakob-Simonyan

«Կարմիր բլուրի տարածքում ճանապարհ չի կառուցվի, մինչև ամբողջությամբ չուսումնասիրվի այնտեղ հայտնաբերված դամբարանադաշը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: «Դեռ անցած տարի Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Կարմիր բլուրի տարածքում որոշվեց շրջանցող ճանապարհ կառուցել: Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվեց տարածքը: Պարզվեց, որ զգալի մի հատված զուրկ է մշակութային շերտերից, իսկ մյուս հատվածում բացվեց դամբարանադաշտը: Օգոստոսից սկսվեցին պեղումները, որի արդյունքում բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող գտածոներ հայտնաբերվեցին, որից հետո մենք հստակ պայմանավորվեցինք քաղաքապետարանի և Եվրասիական բանկի հետ, որ մինչև վերջին դամբարանը չուսումնասիրվի, ճանապարհ չի կառուցվի»,-մեկնաբանեց նա: Պարոն Սիմոնյանը հատկապես կարևորում է այն փաստը, որ պեղումները վերջապես հնարավորություն կտան պարզելու, թե ովքեր են ապրել այնտեղ.«Նրանց պատկանելությունը հնարավոր է պարզել ԴՆԹ-ի միջոցով: Մենք արդեն ԴՆԹ-ի որոշակի խմբաքանակ ուղարկել ենք Կոպենհագեն: Այն կարող է պարզել, թե դամբարանում թաղվածներն իրար հետ ինչ առնչություններ են ունեցել: Հետագայում, դարձյալ ԴՆԹ-ի միջոցով, արդեն կկարողանանք պարզել՝ Կարմիր բլուրում ապրած մարդկանց և մեր գեները նույնակա՞ն են, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է նոր պեղումներին, բանախոսը դժվարացավ հստակ օր նշել. «Ես փորձում եմ արագացնել, ինչքան գիտեմ մյուս տարի արդեն ճանապարհը պետք է կառուցվի, մենք ժամանակ չենք կարող կորցնել»,-եզրափակեց նա: Ի դեպ, ապրիլի 16-ից Երևանի պատմության թանգարանում բացվել է «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են Կարմի բլուրի տարածքում հայտնաբերված 30 դամբարանների գտածոները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի վերջ: