«Սակագինը փաստացի 70 դրամ է» (տեսանյութ)
Տրանսպորտի գնի փոփոխությունը քաղաքական բնույթ է կրում` hամոզված են ակտիվիստները։ Նրանցից տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանի խոսքերով՝ ներկայումս տրանսպորտի ուղեվարձը փաստացի 70 դրամ է։ Քաղաքացիական ակտիվիստները դեմ են վերջերս հրապարակված հաշվարկներին, ըստ որոնց՝ միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252, իսկ բնական գազով աշխատողների ուղեվարձը՝ 196 դրամ: Նրանց խոսքով` ամռանը սակագնի բարձրացումը կասեցնելուց հետո տրանսպորտն էլ ավելի է վատացել, քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկել սպասարկման ոլորտը բարելավելու համար. «Ընդհանրապես համակարգային փոփոխություն է պետք, լավ ծառայություն են մատուցում, ուզում են 250, 400 դրամ, ես չգիտեմ` ինչի համար պետք է դա վճարեմ»,- ասաց Դավիթ Գևորգյանը, իսկ ակտիվիստ Անի Կաղինյանը հավելեց. «Մենք պետք է բոլորս ուժեղ լինենք և անկախ ամեն ինչից, թե ինչ որոշում է կայացվել, նման տրանսպորտի, նման երթևեկության համար 100 դրամը բարձր սակագին է»։ Նա նաև խոսեց տրանսպորտի գինը քննարկող հանձնաժողովի մասին՝ նշելով, որ այն ամենևին հանրությանը չի ծառայում. «Այդ հանձնաժողովում հասարակական սեկտորից ու քաղաքացիական ակտիվիստներից ոչ ոք ընդգրկված չի, այն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի իշխանությունների և քաղաքապետարանի շահը, ապօրինի հանձնաժողով է»։