Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թումանյանի հեքիաթներն Արցախի գյուղերում

Tumanyan1

Հովհաննես Թումանյանի 145-ամյակին ընդառաջ «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ Արցախի շրջաններում (հիմնականում գյուղական համայնքներում) իրականացնում է «Խաղաղության հեքիաթներ» ծրագիրը, ինչն իրենից ներկայացնում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների թատերական ներկայացումներ: 2014թ. մարտի վերջին և ապրիլի սկզբին Ասկերանի շրջանի Այգեստան, Նորագյուղ, Աստղաշեն և Շուշիի շրջանի Քարինտակ ու Շուշի համայնքների դպրոցականներն ականատես դարձան վերոնշյալ հեքիաթների բեմականացմանը՝ երևանյան «Միհր» թատրոնի մեկնաբանմամբ: «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ ստեղծվել է 2010թ. ապրիլին, Ստեփանակերտում մի խումբ երիտասարդ մասնագետների կողմից: Կազմակերպության հիմնական նպատակը Արցախը միջազգային ոչ կառավարական սեկտորին ճանաչելի դարձնելն է: Կազմակերպությունը գտնում է, որ ազգային արժեքներն են հանդիսանում համամարդկային արժեքների հիմքը և իր գործունեության մեջ կարևորում է ազգայինը: Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական համագործակցության շրջանակներում: Բացի խաղաղասիրական բաղադրիչից Թումանյանի հեքիաթների բեմականացումն Արցախի գյուղերում նպատակ ունի նաև ակտիվացնել գյուղական համայնքների մշակութային կյանքը: Ծրագրի ղեկավարը Դիանա Մովսիսյանն է, տնօրենը՝ Տիգրան Գրիգորյանը: «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպություն Ստեփանակերտ