Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր վարչապետն իշխանության ներկայացուցիչ է լինելու». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վարչապետի հրաժարականը չի կապում չորս ոչ իշխանական ուժերի համագործակցության հետ. «Ընդդիմությունը վարչապետի հրաժարականի մասին իմացել է հեռուստացույցից, ինչպես, ասենք, ես: Նրանք ոչ մի ռեալ գործողություն չեն կատարել այդ հրաժարականին հասնելու համար»,-նկատում է նա: Ըստ քաղաքագետի` վաղուց էր հասունացել վարչապետի գլխավորությամբ կառավարության հրաժարականի պահը. «Ով չէր ալարում, խոսում էր, որ արդեն կառավարության հրաժարականի ժամանակն է: Բոլորն են տեսել, թե ինչպես Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մի շարք ոլորտներում միայն ձախողումներ է գրանցել։ Նախագահական ընտրություններից հետո արդեն սպասելի էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Ես չեմ կարծում, թե իշխանությունը ստիպված է վարչապետին փոխել։ Նման քայլի գնալու համար պետք է լուրջ խնդիր ունենալ ընդդիմության հետ, ինչը մեզ մոտ չկա»,-նշեց նա։ Պարոն Իսկանդարյանը դժվարանում է ասել, թե ով կփոխարինի Տիգրան Սարգսյանին. «Չնայած շրջանառվող անուններին, ես անկեղծ ասած չգիտեմ, ով կդառնա վարչապետ։ Մարդիկ տալիս են տարբեր անուններ՝ ըստ իրենց նախասիրությունների ու ցանկությունների, բայց հստակ է մի բան՝ նոր վարչապետը անկասկած իշխանության ներկայացուցիչ է լինելու»,-եզրափակեց նա։