Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները սպասում են իշխանության հետ հանդիպմանը

Կարևոր լուրեր Հասարակություն
crtaharum

Արմավիրի մարզի Այգևան գյուղում ցրտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել են ծիրանենիներն ու դեղձենիները։ «Ա1+»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանն ասաց, որ 3 օրից կուսումնասիրեն ու վնասի չափերը հստակ կպարզեն, բայց. «Եթե -7 է եղել, ի՞նչը պիտի մնա»։ Նա նշեց, որ գյուղացիները շատ վարկեր ունեն, դժգոհ են և իր հետ զրույցում հաստատել են, որ «ցուրտը տարել է» բերքը։ «Տո խոսալ լինում ա՞ գյուղացիների հետ,- ասաց գյուղապետը և հավելեց։- Մարդիկ 1000 տարի սառել-մշակել, էսօրվա դրությամբ ոչ մի բան չունեն»։ Մարզի մեկ այլ գյուղի՝ Արտամետի ղեկավար Անահիտ Դավթյանն «Ա1+»-ին հայտնեց, որ համայնքում ամբողջությամբ ցրտահարվել են ծիրանի բոլոր այգիները՝ մոտ 600 հեկտար։ Ամբողջությամբ ցրտահարվել են նաև դեղձը, սեղանի խաղողը։ «Ոչ մի բան հնարավոր չէր անել։ Ամեն ինչ արել էինք։ Տեղյակ էինք պահել հողատերերին։ Անգամ առվույտի սերմացու էին վերցրել՝ 1 կգ-ը 2000 դրամ, դա էլ է ցրտահարվել։ Մեծ ծախս են արել, ցորենի, գարու հողատարածքների վրա։ Հնարավոր չէր, քամի էր, ձյուն էր շատ ուժեղ։ 29-ի լույս 30-ի գիշերը շատ սարսափելի էր ընդհանուր վիճակը»,- ասաց Անահիտ Դավթյանը։ Նա նշեց, որ բոլոր գյուղացիներն էլ վարկեր ունեն, հսկայական գումարներ են ծախսել այգիները մշակելու վրա՝ բանվորներին օրական վճարելով 5000 դրամ և հիմա հուսահատված սպասում են իշխանության ներկայացուցիչների հետ վաղը կայանալիք հանդիպմանը։